Տեսանյութ.Դեռևս ճնշմանը կարողանում ենք դիմանալ,դեպքերի թվերի աճին զուգընթաց աճում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը
Երեկվա դրությամբ ծանր վիճակում է գտնվում 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 63 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխության սարքերին է միացված 15 քաղաքի։ Ասուլիսում կորոնավիրուսի հետ կապված վերջին թվերը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։«Դեպքերի թվերի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը շարունակում են մնալ ասիմպտոմ, թեթև, աճում են ծանր, ծայրահեղ ծանր և թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ հեռվացնել այդ թիվը։ Պետք է ամեն ինչ անել, որ որևէ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի զրկված լինի բուժման հնարավորությունից վերակենդանացման բաժանմունքներում։ Դեռևս ճնշմանը կարողանում ենք դիմանալ, բայց հավելյալ ջանքեր պետք է գործադրել, որ ճնշումը չավելանա։ Իսկ ջանքերի հիմնական մասը կանոնները պահպանելն է»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ համաճարակային տեսանկյունից ռեկորդային ու լավ ցուցանիշ է երեկ արձանագրվել՝ մեկ օրում կատարվել է 1751 թեստավորում. «Մենք մոտ մեկ ամիս առաջ, երբ որ մեր առաջ պլան էինք դրել ավելացնել թեստավորման թիվը, նշաձողն օրական 1000 հետազոտությունն էր։ Մենք արդեն հասել ենք 1750-ի։ Ընդանուր կատարվել է 46 հազար հետազոտություն։
«Մեկ օրվա ընթացքում ակտիվ քաղաքացիների թիվն աճել է 170-ով։ Օրինակ, ի տարբերություն երեկվա, երբ ունեինք նվազում 30-ով, քանի որ ավելի շատ քաղաքացիներ էին դուրս գրվել, քան հայտնաբերվել»,- ասաց Ա. Թորոսյանը։
Նա հիշեցրեց, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած, գրանցվել է երեք մահվան դեպք։ Գրանցված է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով։
