Սևան քաղաք ելումուտն արգելվում է, քանի որ միայն քաղաքում 80 վարակակիր կա. մարզպետի խոսնակ

Գեղարքունիքի մարզպետի մամուլի խոսնակ Լիանա Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաք ելումուտը սահմանափակվում է, քանի որ կորոնավիրուսային վարակն այնտեղ մեծ արագությամբ է տարածվում։
«Սևան քաղաքում վարակվածության մեծ թիվ կա։ Միայն Սևանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 80 դեպք, իսկ ընդհանուր առմամբ, Սևանի տարածաշրջանում 150 վարակակիր կա»,- ասաց Լ. Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ վերջին երկու օրերին մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք, որից 24-ը միայն Սևան քաղաքում։
Տեղեկացնենք, որ վերջին տվյալների համաձայն, Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 369 դեպք, մահացել է 5 քաղաքացի, առողջացել՝ 161-ը։
Հավելենք, որ ըստ պարետի որոշման՝ համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու համար սահմանվելու է հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։
«Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։