Տեսանյութ.Հիվանդանոցներում մեր տեղերը սպառվում են.Կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ՝ իրավիճակը պատշաճ չզեկուցելու համար

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին:
«Կենտրոնական հատվածների խնդիրներով ես կզբաղվեմ անձամբ, բայց մեզանից յուրաքանչյուրի հետ կապված խնդիր է սա: Ի՞նչ է կատարվում դպրոցներում, դպրոցների տնօրեններ, դասղեկներ, ինչ է կատարվում բանկերում, շուկաներում, հիմա մեզ հետեւում է նաեւ Հակոբ Արշակյանը, պարո՛ն Արշակյան, «Հայփոստ»-ի բաժանմունքներում էս ի՞նչ է կատարվում, Հյուսիսային Մաքսատուն, կատաստրոֆա է սա:
Սա կազմակերպչական խնդիր չէ զուտ, ամեն քաղաքացի եթե խնդիրն իրենը չի համարում, այս խնդիրը չի լուծվի:
Հիվանդանոցներում մեր տեղերը սպառվում են, սիրելի՛ հայրենակիցներ, արդեն սպառվում են: Եթե մենք կանոնները պահենք, 95 տոկոսով քիչ դեպք կունենանք: Ես էլ եմ վարակվել կորոնավիրուսով, ուրեմն ես ոչ մի քաղաքացուց լավը չեմ, մի բան էլ վատն եմ: Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամենքս մեր սխալն ընդունենք ու հետ կանգնենք անդունդի եզրից: Ես պետք է փոխեմ իմ վարքագիծն ու ես հիմա փոխում եմ իմ վարքագիծը: Ճշմարտությունն այն է, որ էս մասշտաբի հետ ոստիկանությանը դժվար է աշխատել: Ես այս մասին օրական 3 անգամ եմ խորհրդակցություն անցկացնում ոստիկանության, պարետատան, ԱԱԾ-ի, առողջապահության նախարարության հետ, ուժային կառույցներն անզոր են այս իրավիճակում, եթե քաղաքացիները չեն ուզում փոխել իրենց վերաբերմունքը»,- ասաց վարչապետը:
Նա հորդորեց քաղաքացիներին վերջապես փոխել վերաբերմունքը կանոնի նկատմամբ, օրենքի, ուրիշ մարդկանց շահերի նկատմամբ՝ նշելով, որ սա բոլորի համար հնարավություն է իսկապես օրենքի երկիր լինելու:
«Մարդկանց թվում է՝ ով կանոնները չի պահում, ուրեմն ինքը առաջին սորտի, բարձր կարգի մարդ է, իսկ ով պահում է կանոնները, ինքը, այ, երկրորդ սորտի մարդ է:
Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, սա մեր ընդհանուր խնդիրն է, եկեք բոլորով դուրս գանք էս իրավիճակից»,- եզրափակեց վարչապետը: