Մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար.ափսոս որ իրեն դիտարկում է որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, դրանք որակելով «պատերազմական վիճակում դավադիր գործողություններ» պետության դեմ։
«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ»,-նշել է Մակունցը։
Նրա խոսքով՝ որոշ մարդիկ ստեղծված իրավիճակը փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով:
«Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ:Այո՛, չունենք ապարանքներ, և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար: Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում: Եվ, այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը»,-շեշտել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Նա ափսոսում է, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ: