Թրամփին խորհուրդ են տվել «բունկեր վերադառնալ».ցուցարարների վերահսկողության տակ է հայտնվել մի ամբողջ շրջան
![](https://i.dailymail.co.uk/1s/2020/06/11/06/29473866-8409067-Some_claimed_that_rapper_Raz_Simone_above_had_established_himsel-a-73_1591853662191.jpg)
Թրամփը հայտարարել է, որ քաղաքը գրավված է ցուցարարների կողմից, որոնք ղեկավարում են «արմատական ձախ դեմոկրատները»: Նրանք սկսել են «ծաղրել» Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլիին և Սիեթլի քաղաքապետ Ջենի Դուրկանին։ Թրամփը տեղական իշխանություններին կոչ է արել կարգավորել իրավիճակը և «քաղաքում վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնել»։
«Եթե դուք դա չանեք, ես կանեմ: Այդ սարսափելի անարխիստներին պետք է անհապաղ կանգնեցնել»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Ի պատասխան՝ Սիեթլի քաղաքապետ Ջենի Դուրկանը Թրամփին կոչ է արել բողոքի ակցիաների ժամանակ տեղական իշխանությունների գործողություններին գնահատականներ չտալ։
Դուրկանը Twitter-ում Թրամփին խորհուրդ է տվել «վերադառնալ բունկեր»։
«Մեզ լավություն արեք։ Վերադարձեք ձեր բունկեր»,- գրել է Դուրկանը՝ BlackLivesMatter հեշթեգով։
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, ցուցարարների վերահսկողության տակ է հայտնվել քաղաքի կենտրոնում գտնվող մի ամբողջ շրջան՝ Կապիտոլիումի բլուրը՝ այն հայտարարելով «Կապիտոլիումի բլրի ինքնավար գոտի»: Մուտքը թաղամաս արգելափակվել է բարիկադների օգնությամբ։
Ցուցարարների հետ մի շարք բախումներից հետո իրավապահները լքել են տեղի ոստիկանական բաժանմունքը՝ ակցիայի մասնակիցներին թողնելով առանց ոստիկանության հսկողության: Նշվում է, որ այս անգամ առանց բռնության և կողոպուտի է ընթացել ցույցը։ Մարդիկ քննարկել են իրենց առաջնահերթությունները և ելույթ ունեցել ամբիոնից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում շարունակվում են Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո բողոքի ցույցերը։ Վերջին շրջանում ակցիաներում ավելի ու ավելի քիչ են բռնության ու վանդալիզմի դեպքերը։
![](https://i.dailymail.co.uk/1s/2020/06/11/05/29472914-8409067-image-m-37_1591848688678.jpg)