Ինչո՞վ է հայտնի Ծառուկյանի կալանքի գործով դատավորը.Փաշինյանի հարցաքննություն,Զատիկյանի գործ...
![](https://gpnews.am/wp-content/uploads/2020/06/Robert-Papoyan.jpg)
Ռոբերտ Պապոյանը հանրությանը հայտի է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի որդու սպանության երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի գործով։ Պապոյանի՝ 2017թ. հունիսի 27–ի դատավճռով Խաչատրյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Պապոյանն է քննում նաեւ 2017 թվականին «Ելք» դաշինքի անդամների եւ հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ) միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը, որի շրջանակներում 2019թ. ապրիլին դատարանում հարցաքննվել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո այն ժամանակ դեռեւս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել է այն մասին, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել: Ի դեպ՝ Պապոյանն առաջին դատավորն է, ով վկայի կարգավիճակով դատարան հարցաքննության էր հրավիրել երկրի ղեկավարին։
Ռոբերտ Պապոյանը հայտնի է նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով, որով նա մասնակի բողոքարկել էր կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը եւ արձանագրել, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշմամբ խախտվել է նրա իրավունքը։
Պապոյանը նաեւ մի քանի անգամ երկարաձգել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը, իսկ մեկ անգամ էլ՝ որոշում կայացրել նրան ազատ արձակելու վերաբերյալ, որը սակայն հետագայում Վերաքննիչ ատյանում բեկանվել է։