Տեսանյութ.Հայաստանում քաղաքական բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին.մենք գնում ենք պետական կառույցների կործանման, որը բերելու է պետության կործանման

«Այն, ինչը կատարվեց Սահմանադրական դատարանի հետ, ռուսերեն հայտնի արտահայտություն կա. «против лома нет приема»: Հայաստանում դա կատարվեց։ Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին։ Եվ ցավոք սրտի, Հայաստանում այդ քաղաքական բիրտ ուժի դեմ պայքարի դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ իրավաբաններ, որոշ դատավորներ, ՍԴ անդամներ և փաստաբաններ»,- ասաց Ավետիք Իշխանյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ «ժողովրդավարություն», «լիբերալիզմ», «իրավական պետություն» գաղափարներ հռչակած քաղաքական ուժերը իրավական պետության կառուցման ճանապարհին անպաշտպան թողեցին իրավաբաններին, փաստաբաններին և մի քանի դատավորների։
«Ինչ կարող էին անել այդ իրավաբանները, ՍԴ դատավորները՝ միայն օրենքներով և իրավունքով պայքարելով բացարձակ մեծամասնություն կազմող, հլու հնազանդ իրեն ենթարկվող քաղաքական ուժի հետ, որին ենթարկվում են բոլոր ուժային կառույցները, քննչական մարմինները և ԱԱԾ-ն, որոնց հանձնարարելով նա հետապնդումներ է սկսում։ Նրանք պայքարեցին այնքան, որքան կարող էին առանց լուրջ աջակցության՝ ոչ քաղաքական ուժերի, ոչ հասարակության»,- ասաց նա։
Ավետիք Իշխանյանը չմեկնաբանեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունները՝ նշելով, որ նա իրավաբանական կրթություն ունի, բայց իրավաբան չէ․ «Նա քաղաքական գործիչ է և հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետի հակումներ ունեցող ղեկավարին։ Եվ նրա ասածները որևէ հիմք չպետք է ծառայեն»։
Հարցին, թե Հրայր Թովմասյանը քաղաքական, թե իրավական գործիչ է, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Հրայր Թովմասյանն իր գործունեությունը սկսեց քաղաքացիական հասարակությունից, հետո անցավ քաղաքականություն, հետո անցավ իրավաբանություն և վերջին իր գործունեությունը ցույց տվեց, որ նա քաղաքականությունից հեռացել է։ Այդպիսի դեպքեր էլ են լինում»,- նշեց նա։