ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները եկել են այն եզրահանգման, որ Ռուսաստանը վճարում է թալիբներին ամերիկացիներին սպանելու համար
ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները եկել են այն եզրահանգման, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը գաղտնի պարգևատրումներ է առաջարկել «Թալիբան» խմբավորման զինյալներին՝ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զինծառայողներին սպանելու համար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ տեղեկությունը հայտնում է «The New York Times»- ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Վարկածի համաձայն, դա տեղի է ունեցել Թալիբանի հետ բանակցությունների ֆոնին՝ հաշտեցումը և ամերիկյան զորքերի դուրսբերումը խաթարելու համար: Կողմերը խաղաղության համաձայնագիր են ստորագրել Կատարում: Աֆղանստանի կառավարությունը և Թալիբանը շարունակում են պայքարել միմյանց դեմ:
Անցած տարվա ընթացքում Աֆղանստանում զոհվել է ամերիկացի 20 զինծառայող: Մինչ այժմ ԱՄՆ հետախուզությունը չի պարզել՝ այդ զոհերի համար եղ՞ել է «վարձատրում»: Ըստ «The New York Times»-ի, գրոհայիններին կաշառք տալով զբաղվում է Ռուսաստանի հետախուզության Եվրոպայում գործողությունների համար պատասխանատու ստորաբաժանումը:
Դոնալդ Թրամփի աշխատակազմին այդ մասին հայտնել էին մարտին: Միևնույն ժամանակ առաջարկվել է այդ գործողություններին պատասխանելու մի քանի տարբերակ՝ պաշտոնական բողոք Պետդեպարտամենտի մակարդակով, պատժամիջոցների խստացում և այլն: Մինչ այժմ Սպիտակ տունը չի որոշել, թե ինչպես պետք է արձագանքի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը թերթին հայտնել է, որ Կրեմլի դեմ դեռ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել: «Եթե ինչ-որ մեկը դա անի, ապա մենք կպատասխանենք»,- պատասխանել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Աֆղանստանի իշխանությունները մեղադրել էին Ռուսաստանին թալիբաններին և նրա դաշնակիցներին զենք մատակարարելու մեջ:
«Թալիբան» շարժումը Ռուսաստանում արգելված է: