Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

01 հուլ 2020 09:59

Վտանգ կա, որ իրենց շտապողականությամբ իշխանությունները «ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանեն.»«Փաստ»

Արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնել է առողջապահական, տնտեսական և հումանիտար ճգնաժամի առաջ, ԱԺ-ում ընդունվում են իրենց նշանա­կությամբ կարևոր նախագծեր, որոնք անմի­ջականորեն շոշափում են հանրության շա­հերը, սակայն չեն դառնում հանրային լայն քննարկման առարկա, և հաշվի չի առնվում հասարակության ու համապատասխան մասնագետների ձայնը:


Արդյունքում իշխանություններն արագ ռե­ժիմով ընդունում են օրենսդրական նախաձեռնություններն իրենց ձեռնտու տարբերա­կով: Այդպես եղավ նաև գույքահարկի բարձ­րացման մասին նախաձեռնության դեպքում՝ առանց ծանրութեթև անելու, թե դա ինչ ձևով կարող է ազդել ներդրումային ծրագրերի վրա և ինչ փոփոխություններ կարող է առա­ջացնել անշարժ գույքի շուկայում:


Ուշադրություն դարձնենք, որ բիզնեսի և ամբողջ տնտեսության անկումը ամբողջովին արտացոլվում է պետական բյուջե վճարվող հարկերի վիճակագրության մեջ: Եթե այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաս­տանի պետական բյուջե մուտքագրվող հար­կերի աճ էր գրանցվում, ապա ապրիլից ար­դեն անկում սկսվեց: Եվ դատելով տնտեսու­թյան ու բիզնեսի ներկա իրավիճակից' նույ­նիսկ լավագույն սցենարների դեպքում բյուջե մուտքագրվող հարկերի անկումը առնվազն մինչև այս տարեվերջ կշարունակվի:


Իրավիճակից դուրս գալու մի տարբերակն այն է, որ կառավարությունը ֆինանսական ներարկումների, ներդրումների խրախուս­ման, տարբեր արտոնությունների և այլ գոր­ծիքների միջոցով աշխուժացնի տնտեսու­թյունը, որն էլ իր հերթին կստեղծի այնպիսի իրավիճակ, որ բիզնեսը շատ եկամուտներ կստանա, և շատ հարկեր կմուտքագրվեն պետբյուջե:


Բայց իշխանությունները ներկայիս իրավի­ճակում այլ մոտիվացիայով են առաջնոր­դվում: Նրանց համար ամենակարևորը հնարավորինս շատ գումար բյուջե մուտքագրելն է՝ կապ չունի, թե դա ինչ տնտեսական հետև­անքներ կարող է ունենալ հետագայի հա­մար: Իշխանություններն, ըստ էության, կար­ծում են, թե ինչքան շատ հարկեր իրենց հա­ջողվի գանձել, այնքան իրենք շատ քաղա­քական բոնուսներ կստանան:


Այս տրամաբանությունը գործում է գույ­քահարկի բարձրացման դեպքում, բայց սրանով չի սահմանափակվում: Իշխանու­թյունների մյուս խոշոր նախաձեռնություննե­րից մեկն էլ, որի մասին իրենք հայտարա­րում են, վերաբերում է երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը ներդնելուն:


Սա, ըստ երևույթին, ենթադրում է, որ քա­ղաքացիները պետք է որոշակի հաճախա­կանությամբ հայտարարագիր լրացնեն, թե որտեղից և որքան եկամուտ են ստանում: Խոսքն առանց բացառությունների բոլոր քա­ղաքացիների մասին է՝ սկսած գրանցված աշխատողներից մինչև գյուղատնտեսու­թյամբ զբաղվողներ:


Պարզ է, որ այս նախաձեռնության տակ ընկած է քաղաքացիներին հարկելու նպա­տակը, սակայն առայժմ ստույգ հայտնի չէ՝ եկամուտները հարկվելու են՝ որոշ բացառու­թյուններո՞վ, թե՞ համատարած, ի՞նչ մեխանիզմներով է գործելու այս համակարգը և երբվանից:


Իշխանությունները համատարած հայտարարագրման համակարգը ներդնելու տեսանկյունից որպես անհրաժեշտ փաստարկ ներկայացնում են, թե ինչ արդյունավետությամբ է այն գործում զարգացած երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Սակայն նրանք հաշվի չեն առնում, որ զարգացած երկրները, ի տարբերություն մեր երկրի, հսկայական տնտեսական հնարավորություններ ունեն և կարող են իրենց թույլ տալ նման համակարգի առկայությունը, իսկ սա չի նշանակում, թե կիրառվող նույն մեխանիզմները կարող են արդյունավետ ձևով գործել նաև Հայաստանի դեպքում:


Բացի այն, որ Հայաստանում ֆինանսական գրագիտության բարձրացման խնդիր կա, իշխանությունները հաշվի առե՞լ են, թե ինչ ռեզոնանս կարող են առաջացնել համատարած հայտարարագրումը և, ըստ այդմ դրանից բխող արհեստական հարկումը, այդ թվում՝ արտերկրից ստացվող տրանսֆերտները: Խնդիրն այն է, որ սա կարող է հանգեցնել այնպիսի բացասական երևույթների ինչպիսիք են ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը, կապիտալի արտահոսքը կամ հաշիվներն ու միջոցներն այլ երկիր տեղափոխելը: Բազմաթիվ կարևոր հարցեր կան, որոնք պետք է հաշվի առնվեն նախաձեռնություններով հանդես գալուց առաջ, որպեսզի այնպես չլինի, որ, ինչպես շատ դեպքերում, իշխանությունները «ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանեն»: 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր