Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը

Պարզաբանման մեջ ասված է.
«Ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը։
Այցերի մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իրազեկվել է Հայաստանի կառավարության միջոցով և, ներկա գտնվելով պատվիրակություններին դիմավորելիս, դեսպանությունը վերջիններիս Հայաստանում գտնվելու ընթացքում մշտապես կապի մեջ է եղել նրանց հետ։
Ի պատասխան ՀՀ Կառավարության խնդրանքի, Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում բուժանձնակազմերին, որոնք շատ սեղմ ժամկետներում համաձայնեցին գալ Հայաստան` խորհուրդներով աջակցելու իրենց հայ գործընկերներին»։
Հիշեցնենք, որ երեկ «Հրապարակ»-ը վերապատմել էր «France Arménie» ամաագրում հրապարակված տեղեկատվությունը.
«Ֆրանսիայում տպագրվող «France Arménie» ամսագրի հուլիսյան համարում ուշագրավ հոդված է հրապարակվել՝ կապված կորոնավիրուսի բուժման համար Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների «հումանիտար օգնության» հետ։ Հոդվածը հետաքրքիր վերնագիր ունի՝ «Ճաշի մեջ ընկած մազը»։ Այն նվիրված է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է Թորոսյանն «ինքնագլուխ» կերպով հումանիտար օգնության անվան տակ Ֆրանսիայի Նիս քաղաքից բժիշկների խումբ հրավիրել Հայաստան, նրանց վճարել այդ «հումանիտար օգնության» դիմաց և չի համաձայնեցրել Ֆրանսիայի կառավարության հետ։
Ավելին՝ ժամանած 7 բժիշկներից 5-ը քովիդ երբևէ չի բուժել, և որևէ կերպ չեն կարող նպաստել կորոնավիրուսի բուժմանը։ Հոդվածում հենց այդպես էլ գրված է, որ սա արվել է Արսեն Թորոսյանի PR-ն ապահովելու համար։ Այցը կազմակերպվել է Հայաստանում սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից»։