Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 հուլ 2020 17:00

Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի դառնա լայնածավալ, իսկ Թուրքիան կսահմանափակվի բանավոր աջակցությամբ. Տարասով

Հիմնավորված չեն կանխատեսումներն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան կդառնա լայնածավալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանսլավ Տարասովը: Նա հիշեցրեց, որ սահմանին սրման ֆոնին միջնորդ լինելու իրենց պատրաստակամությամբ են հանդես եկել Ռուսաստանը, Իրանը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն այս մակարդակը չի բավարարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: «Տեսեք, թե իրադարձություններն ինչպես են զարգանում ուկրաինական ուղղությամբ՝ Դոնբաս, Լուգանսկ, Դոնեցկ: Այնտեղ գործում է Նորմանդական քառյակի ձեւաչափը, իսկ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանկցային գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեսպանների կարգավիճակով: Սա առաջին պահը:


Երկրորդ պահը՝ ապրիլյան ճգնաժամը ցույց տվեց, որ սուր իրավիճակներում միջնորդական կարգավորման գործում իրական կոնկրետ մասնակցություն դերեւորում է, այնուամենայնիվ Ռուսաստանը: 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո Պուտինն անձամբ մասնակցեց էսկալացիայի կարգավորմանը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այնուհետեւ Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը համատեղ ջանքերով այս դիրքը հանեցին օրակարգից:



Երրորդ պահը՝ Փաշինյանն ու Ալիեւը կարգավորման բազային սկզբունքների շուրջ երկխոսություն չեն վարում, որոնք սահմանվում են ձեզ հայտնի Մադրիդյան սկզբունքներով: Նրանք խոսում են ինչ-որ մարդասիրական խնդիրների մասին, վստահության մթնոլորտի ստեղծման եւ այլնի: Այսինքն՝ իրավիճակը բովանդակազրկվել էր: Ես ցանկանում եմ ուղիղ, հեղինակավոր, քաջատեղյակ կերպով ասել, որ սրան հնարավոր չէր հասնել միայն մի կողմի ջանքերով: Սրա համար պահանջվում է երկու կողմի համաձայնությունը: Նշանակում է՝ Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ համաձայնություն կա: Այս ճանապարհին նրանք դեն նետեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այնուհետեւ դեն նետեցին բանակցային գործընթացը, եւ պետք է սկսվեր ինչ-որ նոր փուլ: Բայց ինչ-որ բան խափանվել է, Տավուշի իրադարձությունները ցույց տվեցին, որ ինչ-որ բան խափանվել է: Պատկերացնել, որ Ադրբեջանը կսկսի Լեռնային Ղարաբաղից 30 կմ հեռավորությամբ Հայաստանի տարածք ներխուժման ակտ հիմարություն է՝ իմանալով, որ այստեղ կանգնած է ՀԱՊԿ-ը: Այս բախումն առավել հավանական կլիներ ղարաբաղյան ճակատում: Իսկ ղարաբաղյան ճակատում հանդարտ է»,- ասաց Տարասովը:


Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա փորձագետի կարծիքով՝ նա օգտվել է փաստից, որ «ՈւԱԶ»-ը հատել է սահմանը. «Ես կասկածում եմ, որ հայ զինվորականները եւ հայկական Գլխավոր շտաբը Տավուշի մարզում միջադեպը գնահատում են միանգամայն այլ դիրքից: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք հիշում ենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմին նախորդել էին կրկին Թովուզի շրջանում իրադարձությունները: Եվ Հայաստանի զինվորականները գուցե սա գնահատել են որպես Ադրբեջանի շեղող մանեւրում նույն հատվածում՝ այն նպատակով, որ ռազմական գործողություններ սկսեն ղարաբաղյան ուղղությամբ: Նրանք այդպես մտածելու իրավունք ունեն: Ես չեմ ցանկանում ասել, որ հենց այդպես էլ եղել է: Այո՛, նրանք այդպես մտածելու իրավունք ունեն, եւ նախաձեռնել են նախազգուշացնող բնույթի որոշակի գործընթաց»:


Անդրադառնալով պաշտոնական Անկարայի հայտարարություններին Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, Տարասովը նշեց, որ միջազգային կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով՝ հրադադարի կոչով, միչդեռ Թուրքիան որոշել է կրակի վրա յուղ լցնել՝ կատարելով սադրիչ հայտարարություններ. «Այս պահին համաշխարհային հանրությունը պատրաստ չէ ընկալելու խոշոր ռազմական հակամարտությունը, բայց եթե, այնուամենայնիվ, պատերազմ սկսվի, անկախ ամեն ինչից՝ մեղավոր կողմը կմնա Ադրբեջանը: Չնայած բարձրագոչ հայտարարություններին, Անկարան Եվրոպայում հակաթուրքական տրամադրությունների ֆոնին չի մտնի ակտիվ գործողություններին փուլ, ինչպես նաեւ չի փչացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ադրբեջանն իր հերթին այսպիսի իրավիճակում միայնակ չի մտնի Հայաստանի հետ  հակամարտության մեջ: Նման մակարդակի հակամարտություններ վարելու համար անհրաժեշտ է, իհարկե, արտաքին խաղացողների մասնակցություն»:


Դրանից բացի, հիմա Թուրքիան զբաղված է Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում իր հարցերով, ինչպես նաեւ փորձում է իր խնդիրները լուծել երկրի ներսում: «Այս ֆոնին Թուրքիան չի գնա Ռուսաստանի հետ հակամարտության, նա հիմա դրա ժամանակը չունի: Թուրքիան հիմա Ադրբեջանին աջակցությունը հռչակում է միայն բառերով»,- նշեց Տարասովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր