Տեսանյութ.Իրավիճակն ինչ–որ առումով պայթյունավտանգ է. Տողանյանը թախանձագին խնդրանքով դիմել է հայերին

«Այս ուժ ժամին մենք իմ բոլոր գործընկերների հետ գտնվում ենք դեսպանությունում, իրավիճակը փորձում ենք գնահատել, վերլուծում ենք թեժ գծով ստացած տեղեկությունները, կապի մեջ ենք մեր համայնքների ներկայացուցիչների, պատվո հյուպատոսների հետ` Կալինինգրադից մինչև Կամչատկա իրավիճակը վերահսկելու և հասկանալու համար, այդ թվում` Մոսկվայում տիրող իրավիճակը։ Այն ինչ–որ առումով պայթյունավտանգ է։ Հասկանում ենք, որ սոցիալական ցանցերում, որտեղ տիրում է այլ իրավիճակ, այլ էմոցիաներ, տարբեր կրքեր են հրահրվում, տարբեր կարծիքներ են հնչում, տարբեր մարդիկ անհանգստացած են իրավիճակով, այն, ինչ տեղի է ունենում հայազգի մեր գործարարներին պատկանող սրճարաններում, ավտոձեռնարկություններում, խանութներում, անհանգստացնում է մեզ»,– նշում է դեսպանը։
Տողանյանը վստահեցնում է, որ իրավիճակը վերահսկելի է, իրենք ամենժամյա կապի մեջ են գործընկերների, Ռուսաստանի բոլոր ուժային ծառայությունների, ՌԴ կառավարության հետ։
«Կոչ եմ անում` չտրվել որևէ սադրանքի, թախանձագին խնդրում եմ հատկապես հանգստյան օրերին լինել է՛լ ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ, մեզ ներկայացնել հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ»,– ասում է դեսպանը։