Le Monde. «Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար»
![](https://www.ermenihaber.am/news_images/64/189579_2/erd_ogan_sevr_anlasmasi.jpg)
Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև ստորագրված հուշագրին։
Ֆրանսիական պարբերականն այդ հուշագիրը որակում է պատմական՝ նշելով, որ այն կարող է փոփոխել Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում ընթացող ռազմավարական խաղի ընթացքը։
«Le Monde»-ը, ermenihaber-ի փոխանցմամբ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ստորագրված հուշագիրը կնքվել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում (Հայկական Պալյան ընտանիքի կողմից ստեղծված սուլթանական նստավայր)` 2019թ․-ի նոյեմբերին։ Մինչ այդ Էրդողանը և Սարաջը հուշագրի հարցով 4 հանդիպում էին անցկացրել։
Եվ ըստ պարբերականի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց. «Այս ռազմավարական և էներգետիկ գործարքի շնորհիվ հնարավոր է դարձել խափանել Սևրի պայմանագիրը», ապա կարելի է եզրակացնել, որ սրանով Էրդողանը վրեժ լուծեց թուրքերի համար սինդրոմ հանդիսացող Սևրի պայմանագրի համար, որը ստորագրվել է 1920թ․ օգոստոսին, սակայն մնացել էր թղթի վրա։
Հիշեցնենք, որ 1920թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ) Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918թթ. 1-ին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև կնքվել է Սևրի հաշտության պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: