Մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել. հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է
Բեյրութում որոտացած հզոր պայթյունից զոհվել է Դելիա Փափազյանը: Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում: Այս մասին arevelk.am-ը տեղեկացել է Լիբանանից:Ըստ լրատվամիջոցի՝ նա պայթյունից զոհված 5-րդ հայն է:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բեյրութում հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։
Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:
Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերից 3-ը հայ են: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որը Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել պայթյունի հետևանքով լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանի զոհվելու մասին: Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը:
Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում: