Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

10 օգոս 2020 11:59

Միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի.Թուրքիայի մտադրությունն է շարունակելու այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ

Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում իր տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը`անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին հուլիսին ընթացող մարտական գործողություններին։


«Ադրբեջանի այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել: Հայաստանը երբեք չի եղել, չէ և չի լինի սպառնալիք որևէ մեկի համար, քանի որ մենք նրանց հետնորդներն ենք, ովքեր անցել են ցեղասպանության միջով և վերապրել են»,–ասել է նախագահը։
Սարգսյանը հայտնել է, որ մտահոգ է, քանի որ ողջ աշխարհը համատեղ պայքարում է համավարակի դեմ, իսկ ոմանք անմարդկային գործողություններ են ծրագրում: Նրա խոսքով`  լավ է, որ հայկական ԶՈւ–ն դրսևորեց մարտական բարձր պատրաստականություն և երկու-երեք օրվա ընթացում կարողացան զսպել հակառակորդի նկրտումները` այսպիսով մեր ռեգիոնը փրկելով լայնածավալ ընդհարումների հրդեհից:


Նախագահն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանի կառավարությունից կամ համապատասխան գերատեսչություններից հնչող պաշտոնական հայտարարությունների առնչությամբ, ըստ որոնց` Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Նա ասել է, որ ֆիզիկոս է ու շատ լավ է պատկերացնում այն իրական հետևանքները, որ կարող է լինել, եթե հանկարծ որոշեն հարվածել ատոմակայանին:  Ուստի այդ հայտարարությունն ընդունում է որպես ահաբեկչական գործողության մտադրություն։ Նախագահն, ի դեպ, հիշեցրել է, որ հարվածի հետևանքով ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորն են տուժելու՝ ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Մերձավոր Արևելքը...


«Ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջև, հարևանների միջև, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի»,–ասել է Սարգսյանը։


Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին հայ–ադրբեջանական սահմանին տիրող գործողություններին, ապա, ըստ Սարգսյանի, լայնորեն արձագանք եղավ։ Խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի մասին է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ: Սակայն Տավուշի դեպքերը, ըստ Սարգսյանի,  ցույց տվեցին, որ կան շատ լուրջ մտահոգություններ:
Նախագահն անդրադարձել է նաև հայ–ադրբեջանական սահմանին տիրող լարվածության ֆոնին Թուրքիայի այն հայտարարություններին, թե անվերապահ աջակցելու են Ադրբեջանին։ Սարգսյանն ասել է, որ Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ. դա արվում է առանց որևէ հիմնավորման, անպատասխանատու կերպով: Նրա խոսքով` Թուրքիան օգտագործում է  մի բառապաշար, որն իրականում ցույց է տալիս նրանց մտադրությունը՝ շարունակելու այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ:


Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:


Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։


Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր