ԱԱԾ–ն խոշոր գումարների յուրացման նոր դեպքեր է բացահայտել
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու դեպքեր են բացահայտվել։
««Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, 2010-2018–ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 27 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում: Տեղյակ լինելով, որ վերջիններս աշխատանքի չեն հաճախել, կազմել և վավերացրել են աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տվյալ փաստաթղթերը դնելով շրջանառության մեջ` ներկայացրել են վճարման, որի հետևանքով պետբյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ ելքագրվել և շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 59 մլն դրամ։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: