Տեսանյութ.Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի.Հեռացի՛ր…Լուկաշենկոյի ելույթը ընդհատվում է վանկարկումներով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում, որտեղ վերջինս հանդիպել է գործադուլավորների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենաների երթևեկությունը գործարանի տարածքում սահմանափակված չէ։ Ուղղաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում։
Լուկաշենկոն Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի:
«Երբևէ չսպասեք, թե ճնշման տակ ինչ-որ բան կարող եմ անել։ Նրանք չեն գա իշխանության գլուխ։ Քանի որ չի լինի ո՛չ Մինսկի անվային քարշակների գործարանը, ո՛չ Մինսկի ավտոմոբիլային գործարանը, և ո՛չ էլ Բելառուսի ավտոմոբիլային գործարանը․ կես տարվա ընթացքում կոչնչացվի ամեն ինչ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
«Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին և ցանկանում եք անցկացնել արդար ընտրություննե՞ր», - հարցրել է նախագահը: «Ես պատասխանում եմ այս հարցին. մենք ընտրություններ անցկացրել ենք: Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»,- հավելել է նա:
Նա կոչ է արել իշխանական լիազորությունների վերաբաշխում իրականացնել սահմանադրական գործընթացի միջոցով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով։
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ հավելյալ աշխատատեղեր է բացել, որպեսզի մարդկանց առանց ապրուստի միջոցի չթողնի։
««Վատ» նախագահը հավելյալ աշխատատեղեր էր բացել, որպեսզի մարդկանց փողոցում չթողներ։ Ով ուզում է աշխատել, թող աշխատի։ Չեն ուզում աշխատել, դե ինչ, մենք նրանց չենք ստիպի»,- ասել է Լուկաշենկոն։
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթը մի խումբ բելառուսներ ընդհատում են՝ վանկարկելով «Հեռացի՛ր»: Լուկաշենկոն նախ լուռ լսում է, ապա արձագանքում՝ շնորհակալութուն:
Մեկ այլ հատվածում հավաքվածները գոռում են՝ «ամոթ»,«ֆու»…