ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Արսեն Ավակովի նկատմամբ          Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին       Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ    

21 օգոս 2020 15:15

Ո՞վ է ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, ում պարգևատրել են.բազմակի գրոհների կասեցում,հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք

Կապիտան Ռուբեն Սանամյանը կազմակերպել է «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը մանրամասներ է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Ազգային հերոսի» կոչմանն արժանացած կապիտան Սանամյանի կենսագրությունից և հուլիսին տավուշյան մարտերին նրա գործողություններից։
«Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմին՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ։ Նա  կազմակերպելով «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը` նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցրել է զգալի կորուստներ»,–Facebook սոցացանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը:

Չխնայելով սեփական կյանքը` խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:

Բացի այդ, կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։
Ռուբեն Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության:

Ամուսնացած է. ունի երկու երեխա:

2012 թ-ին Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր