«Ադրբեջանն արդեն հասցրել է թույլ տալ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք կոպիտ խախտումներ»
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ադրբեջանն արդեն հասցրել է թույլ տալ միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949թ-ի կոնվենցիայի մի շարք կոպիտ խախտումներ։
Հիշեցնեմ, որ հայ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել էր։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ։
Ադրբեջանն արդեն հայտնել է, որ իր իշխանության ներքո է գտնվում հայ սպան, հրապարակել է տեսանյութ՝ արձանագրելով իր իսկ խախտումները։
Կարծում եմ՝ պետք է Ադրբեջանին արդեն միջազգային իրավական գործիքակազմի ամբողջ հնարավորություններով հիշեցնել, որ՝
• Ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար (հոդված 12).
• Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից պաշտպանվելուց: Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է (հոդված 13).
• Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք (հոդված 14):
Այդ հիշեցումը պետք է լինի այնպես, որ միջազգային իրավունքն անընդհատ խախտող այդ պետության համար առաջացնի իրական խնդիրներ ու հետևանքներ»։