ԱՄՆ-ն ՌԴ-ին սպառնացել է խիստ պատժամիջոցներով, եթե հաստատվի իրենց մասնակցությունը Նավալնու թունավորմանը
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հնարավոր թունավորմանն անդրադարձել են ԱՄՆ-ի իշխանությունները։
«Եթե թունավորման մասին տեղեկությունները ճիշտ են, ապա ԱՄՆ-ն աջակցում է մանրամասն հետաքննություն անցկացնելու Եվրոպական Միության կոչին և պատրաստ է օգնել այդ գործընթացում», – CNN-ի փոխանցմամբ՝ նշված է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածած հաղորդագրությունում։
Իր հերթին, օգոստոսի 25-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Ռուսաստանին սպառնացել է խիստ պատժամիջոցներով, եթե հաստատվի ՌԴ իշխանությունների մասնակցությունը Նավալնու թունավորմանը։
BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ Սթիվեն Բիգանն ասել է հետևյալը.
«Վաշինգտոնը կձեռնարկի միջոցներ, որոնց ֆոնին կխամրի ամերիկյան հասարակության արձագանքը ԱՄՆ 2016թ.-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը»։
ՌԴ արտգո8ծնախարարությունը հայտարարել էր, որ քաղաքական գործչի միտումնավոր թունավորումը երկրի իշխանությունների համար ձեռնտու չէ։
Ալեքսեյ Նավալնին դեռ գտնվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում՝ արհետական կոմայի մեջ։ Քաղաքական գործչի ինքնազգացողությունը վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ 2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։ Օմսկի մասնագետները հայտարարել են, որ քաղաքական գործչի օրգանիզմում թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերվել։