Արդյո՞ք մահացել են կորոնավիրուսից, մահացածին չեն տեսել, դիակը հանձվել է կնիքված դագաղով. մահացածների հարազատները զայրացած ու դժգոհ են
«Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձ դատավարական, քրեաիրավական ճանապարհով գոյություն չունի, հետևաբար Հայաստանի ոչ մի պաշտոնատար անձ երբևէ չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետևանքների, այդ ոլորտում տեղի ունեցած բացթողումների, խախտումների համար»,- ասուլիսում ասաց «ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ որպես իրավական հիմնավորում և դիրքորոշում այն հանգամանքն է, որ եթե տեղի չի ունենում դիահերձում, հնարավոր չէ պարզել կորոնավիրուսի և մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը։
Փաստաբանի խոսքով, քրեադատավարական նորմերով նախատեսված է, որ քրեական գործում մի շարք հանգամանքներ կարող են հաստատվել միայն և բացառապես որոշակի ապացույցների ներքո, մասնավորապես նախատեսված է մահվան պատաճառն ու մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը կարող են հաստատվել ոչ այլ կերպ, քան միայն և բացառապես դիակի կամ սովորական դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում։
«Եթե մենք չունենք մահվան պատճառները փաստող այն միակ ապացույցը, ինչպիսին է դիակի դատաբժշկական փորձաքննությունը, հետևաբեար հնարավոր չէ հավաստել, որ մահացել է կորոնավիրուսի հետևանքով»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ իրենց գրասենյակով նախաձեռնել են որոշակի իրավական գործընթաց, որի արդյունքում սկսել են շփվել պաշտոնական վարկածով կորոնավիրուսից մահացած անձանց հարազատների հետ, վերլուծել նրանց հետո ունեցած շփումները և արձանագրել են, որ այդ ոլորտում առկա են մի շարք իրավական և սոցիալական խնդիրներ։
«Բոլոր դեպքերն ունեին բնութագրիչ անհատական առանձնահատկություններ, նաև միասնական գծեր։ Որո՞նք էին միասնական գծերը, որոնք առկա էին բոլոր դեպքերում։ Պաշտոնական վարկածով կորոնավիրուսի հետևանքով հիվանդանոց տեղափոխված, այնուհետև մահացած անձանց կորոնավիրուսի դրական թեստերը նրանց հարազատները չեն տեսել բոլոր դեպքերում։
Հիվանդանոց կամ վիրաբուժական բաժանմունք տեղափոխվելուց հետո հարազատի հետո որևէ կապ չեն ունեցել։ Մահացածների հարազատներն, անխտիր բոլորը, չգիտեն, թե երբ, որ ժամին է մահացել իրենց հարազատը։
Բոլոր հարազատները հստակ չգիտեն, թե ինչի հետևանքով է առաջացել իրենց ազգականի մահը, որն է հանդիսացել մահվան պատճառը։ Բոլոր դեպքերով մահանալուց հետո հիմնականում նրանք իրենց մահացած ազգականին չեն տեսել, դիակը հանձվել է փակ, կնիքված դագաղով, որոշ դեպքերում թաղմանը չեն մասնակցել։
Ֆանտաստիկայի ժանրից չէ, մեզ մոտ արձանագրված է, փաստաթղթավորված է։ Ունեցել ենք նաև այլ արտառոց անհատական դեպքեր, երբ անձի ազգականի մոտ արձանագրվել է կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց, հետագայում մահացել է, անձի ընտանիքը պարտադիր մեկուսացման չի ենթարկվել, պետությունը նրանց նման պահանջ չի ներկայացրել։
Ունենք դեպք, երբ անձն ինսուլտի ախտանիշներով տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունք սկզբնապես կորոնավիրուսի բացասական թեստով, հիվանդանոցում գտվելու երրորդ օրն ախտորոշվել է կորոնավիրուս, հարազատների կարծիքով վարակվել է հիվանդանցում»,- ներկայացրեց փաստաբանը։
Նրա խոսքով, մահացածների հարազատների ու ազգականների մոտ կուտակված է զայրույթ, դժգոհություն, որը գալիս է այս անորոշությունից, քանի որ երբևէ և որևէ դեպքով որևէ պետական մարմին, որևէ պաշտոնատար անձ, առողջապահության նախարարությունը, որևէ կազմակերպություն գրավոր, պաշտոնական որևէ իրազեկում չի տվել, թե ինչի հետևանքով և երբ է տեղի ունեցել հարազատի մահը։