Սոցիալական հեռավորություն պահպանելու առաջարկը հնացած է․ գիտնականներ
Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար 2 մ հեռավորություն պահպանելու վերաբերյալ առաջարկությունները հիմնված են հնացած գիտական տվյալների վրա, որոնք արվել են դեռևս 1940-ականներին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Independent-ին։
Փորձագետները գտնում են, որ հեռավորության պահպանումը չպետք է լինի միջոցառումների կենտրոնական մասը, և COVID-19-ի դեմ պայքարի կանոնները մշակելիս անհրաժեշտ է ելնել տարբեր պայմաններից:
Գիտնականները շեշտել են, որ ավելի ճկուն ցուցումները թույլ կտան վերադառնալ բնականոն կյանքի և բարելավել երկրների տնտեսությունները:
«Վիրուսային մասնիկների տարածման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, ներառյալ՝ օդի հոսքը: Ապացույցները ցույց են տալիս, որ Sars-CoV-2-ը կարող է ավելի քան երկու մետր անցնել այնպիսի գործողությունների ընթացքում, ինչպիսիք են հազը և ճիչը»,-նշել են նրանք՝ պնդելով, որ մարդկանց համար սահմանված առաջարկությունները պետք է հիմնված լինեն այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են գործունեության տեսակները՝ պայմանները․ փակ տարածքները կամ բաց երկնքի տակ վայրերը, օդափոխության մակարդակը և դիմակներ կրելը:
Գիտնականներն ասել են, որ պետք է հաշվի առնել նաև շփման տևողությունը, վիրուսի նկատմամբ մարդու զգայունությունը և վարակող անձի վիրուսային բեռը։