Տեսանյութ.Քաղաքականությունն ինքը վերադարձավ ինձ մոտ,ստեղծել ենք բավականին լավ, ֆունկցիոնալ թիմ
![](https://www.tert.am/news_images/1129/3385666_1/f5f4f74de71876_5f4f74de718a3.thumb.jpg)
Լրագրողի այն հարցին, թե ինչով է զբաղվում ՀՀ երկրորդ նախագահն այժմ, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Զբաղվում եմ քաղաքականությամբ, հարցազրույցներով, ինչպես նաև տարբեր հոբբիներ` սպորտ, ընթերցանություն, աշխատում եմ երկրորդ գրքիս վրա, որի սյուժեն դեռևս ավարտված չէ... Ես արդեն ունեմ իմ առաջին ինքնակենսագրական գիրքը, որով ամփոփել էի իմ քաղաքական կյանքը` հեռանալով նրանից, ինչպես ինձ էր թվում, ընդմիշտ: Սակայն քաղաքականությունն ինքը վերադարձավ ինձ մոտ, և երկրորդ գիրքը կլինի շարունակության, վերադարձի և այն ամենի մասին, ինչ կատարվում է հիմա»:
Լրագրողը նախկին նախագահից հետաքրքրվել է, թե ինչ է արվել այս երկու տարիներին` սկսած այն պահից, երբ Ռ. Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին, ինչին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահն ասել է. «Ես քաղաքականությունից, պաշտոնից հեռացել էի մեծ համոզմամբ, որ հեռանում եմ ընդմիշտ՝ մտադիր լինելով զբաղվել մի ավելի հետաքրքիր, նոր բանով: Սակայն շրջադարձը կյանքում կտրուկ էր: Ստիպված եղա ամեն ինչ զրոյից սկսել: Այսօր մենք ստեղծել ենք քաղաքական պայքարի բավականին լուրջ գործիքներ: Ստեղծվել է բավականին լավ, ֆունկցիոնալ թիմ` բավականին լավ ներկայացված լրատվական դաշտում, սոցիալական ցանցերում: Դրանք այն գործիքներն են, առանց որոնց այսօրվա պայմաններում քաղաքական պայքար հնարավոր չէ: Դրա վրա 1,5-2 տարի ծախսվեց»:
Երկրորդ նախագահը մեկնաբանել է նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» պատճառները:
«Իշխանության մոտ հոգնածություն էլ կար, սակայն երկրում կար նաև պոպուլիստական ալիքի միտում, որը տարածվել էր նաև ամբողջ Եվրոպայում: Դա երևի կապված է նաև սոցիալական ցանցերի զարգացման, տեղեկատվական դաշտի ապակենտրոնացման հետ: Իշխանությունը չէր հասցրել հարմարեցնել իր քաղաքական գործիքներն այդ իրավիճակին: Թվացյալ տեղեկատվական քաոսը, այնուամենայնիվ, ղեկավարվում էր: Այն ուժերը, որոնք օգտվեցին այդ իրավիճակից, այդ թվացյալ քաոսը բավականին լավ ղեկավարում էին: Դա նաև ճիշտ կիրառված տեխնոլոգիաներն էին: Իմ կարծիքով՝ դա շատ գրագետ և լավ աշխատեցված տեխնոլոգիա էր, և իհարկե, եթե որոշակի հիասթափություն չլիներ, այդ տեխնոլոգիան չէր աշխատի»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը:
Տեսանյութում այդ հատվածը՝ 0:40 րոպեից.