Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում,մնացածը շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը` մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքերից 29-ն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը` Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:
Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում են ստանում 13 պացիենտ։
Պացիենտների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ (սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ), կոմատոզ վիճակ, պացիենտներից 3-ի մոտ ի հայտ է եկել կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը:
Նրանցից միայն 1-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ մնացածը շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։
Կապված վերջին օրերին հանրապետությունում արձանագրված ալկոհոլային թունավորման դեպքերի հետ, որի պատճառ է հանդիսացել ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչքի օգտագործումը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ արտադրության, անհայտ ծագման, «տնական», խանութից գնված առանց մակնշման, դեղատնից գնված սպիրտի օգտագործումից: