Բելառուսում հանքափորը գետնի տակ ինքն իրեն կապել է ձեռնաշղթաներով՝ պահանջելով Լուկաշենկոյի հրաժարականը
Բելառուսական Սոլիգորսկում հանքափորների բողոքի ցույցերի ու գործադուլների մասնակիցներից մեկը ՝ Յուրի Կորզունը, այսօր միայնակ ակցիա է սկսել հանքավայրում: Նա ղեկավարությանը տեղեկացրել է, որ իջնում է ներքև և հրաժարվում է բարձրանալ մակերևույթ: Այս մասին գրում է belaruspartisan.by կայքը:
Ընկերության գլխավոր տնօրեն Իվան Գոլովատիին ուղղված իր դիմումում Կորզունը գրում է, որ պահանջում է բռնությունների դադարեցումն ու Լուկաշենկոյի հրաժարականը:
Յուրի Կորզունը ձեռնաշղթաներով իրեն ամրացրել էր հանքավայրում և պատրաստվում էր այնտեղ մնալ մինչև իր պահանջների կատարումը:
Հանքափորի մոտ են գնացել բաժանմունքի պետն ու գլխավոր ինժեները:
Ավելի ուշ տեղեկացվել է, որ Կորզունի նկատմամբ ուժ է գործադրվել, կտրել են ձեռնաշղթաները և շտապօգնության մեքենայով ուղարկել հիվանդանոց: Հիվանդանոցի մոտ են հավաքվել նրա գործընկերները:
Որոշ ժամանակ անց Կորզունը դուրս է եկել հիվանդանոցից և խոսել է բողոքի ակցիայի մասին:
«Նրանք իմ նկատմամբ ոչ կոպիտ ուժ են կիրառել միայն հանքավայրում, հեռացրել են ինձ շղթայից, որպեսզի կտրեն այն»-պատմել է հանքափորը:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: