Ադրբեջանի ՊՆ-ն պատժել է գերեվարված հայ սպային տեսանկարահանած զինվորականներին
_8_1.jpg)
Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։ Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսանյութը համացանցում տարածվել էր նրա մոլորվելու օրն Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից մեկ ժամ անց։
Ադրբեջանական "Virtual Azərbaycan” լրատվականը փորձել է պաշտպանության նախարարությունից ճշտել այս լուրը, ինչին ի պատասխան ՊՆ մամուլի ծառայությունից նշել են, թե պարզապես գոյություն ունեցող տեսագրությունները (ոչ՝ իրենց նկարածը) ծանոթ-բարեկամներին ուղարկող որոշ զինվորականներ հեռացվել են։ Այդպիսով՝ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է տարածված նյութերի պատճառով զինվորականներ հեռացնելու փաստը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փորձում է Գուրգեն Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսանտ, այդ նպատակով օգոստոսի 24-ի երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն Ալավերդյանի լուսանկարի հետ միասին հրապարակել էր նաև իբրև թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց: Սակայն գերեվարման օրը սոցցանցերում վերոհիշյալ զինվորականների տարածած տեսագրությունում Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի է, ինչն ակնհայտորեն մատնում է ադրբեջանական բեմադրությունը։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ: Բեմադրության համար իրեր գտնելու հարցում «շատ հեռու չէր գնացել». հենց Գորանբոյում, համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաև սև հանդերձանք, ինչպես նաև ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաև հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:
Նշենք նաև, ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։