Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրս կարիք ունենք ինքներս մեզ հետ հանդիպելու
Hayacq.com-ի հարցազրույցը «Խորհրդավոր արձագանք» գրքի հեղինակ, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ
-Վերջերս լույս է տեսել Ձեր` «Խորհրդավոր արձագանք» գիրքը: Ընդ որում, կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն է առաջացրել գրքասերների շրջանում: Ի՞նչ յուրահատուկ կողմ ունի այն և ի՞նչ է տալիս ընթերցողին:
-Գիրքը իր ձևաչափով արդեն իսկ յուրահատուկ է: Ներկայացված է երկու տարբեր անհատականությունների զրույցը հոգեբանի հետ: Փորձել եմ հոգեբանական, նաև անձնական տեսանկյունից հավաքագրել, վերլուծել ստացած տեղեկատվության մասնիկները և վերջում` մատուցել ընթերցողին հարաբերությունների խճանկարը: Գիրքը բազմանշանակ կարող է լինել, այնտեղ նաև հոգեբանական որոշ հասկացությունների բացատրություններ կան, հարաբերությունների բանալիներ, կյանքին առնչվող նրբերանգներ և տպավորիչ մտքեր: Կարծում եմ` յուրաքանչյուրը վերցնում է գրքից հենց այն, ինչն իրեն է անհրաժեշտ: Մեկի համար կարող է կարևոր լինել ինքնաճանաչման զրույցը, մյուսի համար`խանդի տեսակները, ոմանք, ի դեպ, բացահայտել են հոգեբանական աշխատանքի անհրաժեշտությունը և էությունը, նաև հարաբերության ստեղծման և միմյանց հասկացման նշանակալի կողմերը:
-Սովորաբար գրքերն էլ իրենց ծագումնաբանությունն են ունենում: Այս դեպքում ի՞նչն է առիթ հանդիսացել ստեղծագործական աշխատանքի համար:
-Իրավացի եք: Գրքի ստեղծման համար առիթ հանդիսացավ ամանորյա անսպասելի ու տարբերվող մաղթանքը: Այնտեղ հետևյալ բովանդակությունն էր. «Մաղթում եմ Ձեզ գիտական մոտիվացիա, որ այս տարի նոր գիրք ստեղծեք»: Վերջինիս հիման վրա՝ տարիների ընթացքում հավաքագրված մտքերս արտացոլվեցին սույն գրքի էջերում, ինչի համար շնորհակալ եմ մաղթանքի հեղինակին` իմ նախկին ուսանող ապագա բժշկին:
Հավելեմ, որ գիրքը հիմնված է իրական դեպքերի վրա, համեմված է հոգեբանական հայացքներով, բացահայտում է ամենասպասված ու գեղեցիկ զգացողության ոչ ակնհայտ դրսևորումները:
-Գրքից որևէ հատված կարո՞ղ ենք մեջբերել մեր ընթերցողների համար:
-Կարծում եմ օգտակարության տեսանկյունից հետևյալ միտքը շատերին անհրաժեշտ կլինի` «...անգամ չստացված հարաբերությունը, անպատասխան սերը, սիրելիից բաժանման տրավման դատավճիռ չէ՝ սիրո գոյությունն այլևս չընդունելու, զգացմունքի իրական բերկրանքը երբևէ նորից չապրելու, երջանիկ զգալու և մեկին երջանկացնելու բուռն ցանկությամբ չվարակվելու»: Նաև մեջբերեմ մինչ հիմա ընթերցողների կողմից ամենասիրված միտքը` «գտիր նրան, ով կաջակցի այն մտքերիդ իրագործմանը, որոնց սիրահարված ես»:
-Համոզված եմ` ոմանք ցանկություն ունեցան այն կարդալու: Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել «Խորհրդավոր արձագանք»-ը:
-Գրքի տպաքանակը խիստ սահմանափակ էր, և ներկա պահին վերջին օրինակները «Զանգակ» և «Ֆենիքս» գրախանութներում են:
-Իսկ առհասարակ ի՞նչ գործոններ կան, որոնք կարող են հարաբերության կառուցման համար դրական լինել:
-Ընդհանրապես շփումներում, և մասնավորապես կին-տղամարդ փոխհարաբերություններում դրական զարգացման գործոններից են.
Երբ բնավորությունը, հետաքրքրությունները, համոզմունքները, արժեքային համակարգը նման են:
Երբ կարողանում են միասին ծիծաղել և լուռ մնալ:
Երբ ինքնաբերաբար կիսում են ամենախոր գաղտնիքները:
Երբ յուրաքանչյուրը հետևողական է լինում մյուսի երջանկությանը, այնպես, ինչպես իր:
Երբ կարողանում են գնահատել միմյանց անհատականությունը կերտող մանրուքները:
Գաղտնիք չէ նաև, որ «...երբ հանդիպում ենք նրան, ով մեզ դուր է գալիս, փակում ենք աչքերը տարաձայնությունների վրա և խոշորացնում համընկնումները»:
-Ձեր ուղերձը ընթերցողներին:
-Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրս կարիք ունենք ինքներս մեզ հետ հանդիպելու: Պարբերաբար ժամանակ տրամադրեք սեփական ներաշխարհը զննելու համար` անկեղծ լինելով սեփական անձի հետ (եթե ինքնուրույն չի ստացվում, ցանկալի է այցելել հոգեբանի): Կարողացեք գնահատել կյանքի դրական օրերը, կիրառեք շնորհակալ լինելու արվեստը, դրսևորեք նրբանկատություն և հանդուրժողականություն մարդաճանաչության հարցում:
Hayacq.com