Չունենալով հնգամյա ժամկետի համար որևէ իրական ռազմավարական ծրագիր, առաջ ընկնելով՝ հրապարակում է 30-ամյա տեսլական. «168 ժամ»
![](https://panorama.am/news_images/789/2364280_1/76.thumb.jpg)
Ծավալուն այդ տեսլականն իրականում ռազմավարություն կարելի է անվանել շատ հարաբերականորեն, քանի որ այն գրեթե զուրկ է որոշակիությունից, դրանում չափելի ցուցանիշները շատ քիչ են և փոխառնված են արդեն իսկ հայտնի՝ Փաշինյանի՝ անցած տարի Ստեփանակերտում ունեցած ելույթից․ 5 միլիոն բնակչություն մինչև 2050 թվականը, ՀՆԱ-ի քսանապատկում մինչև նույն ժամանակահատվածը, և այլն։
Այսինքն՝ երեկ Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ներկայացնում էր իր ստեփանակերտյան ուտոպիզմի ավելի բացված տարբերակը։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ցանկացած տեսլական կամ ռազմավարություն կարող է կիրառելի լինել միայն այն դեպքում, երբ դրա հեղինակը ներկայացնում է նաև այդ տեսլականին հասնելու ճանապարհային քարտեզը, այն կոնկրետ ծրագրերը, որոնց միջոցով ապահովվելու է այս, այս, այս ցուցանիշը կամ նպատակադրումը։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն երկուսուկես տարի։ Այդ ընթացքում նրա ղեկավարած կառավարությունը չի մշակել որևէ իրական ռազմավարական ծրագիր, որևէ կենսունակ հայեցակարգ, որից կարող են բխեցվել 2050 թվականի նպատակադրումները։ Փաշինյանի կառավարությունն անցած երկուսուկես տարիներին զբաղված է եղել սոսկ օպերատիվ կառավարմամբ՝ չստեղծելով ռազմավարական զարգացման որևէ հիմք ու նախադրյալ։
Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ հեղափոխությունից հետո տարփողվող տնտեսական հեղափոխությունը, ներդրումների աննախադեպ հոսքը Հայաստան, նոր աշխատատեղերի ստեղծումը և այլ նմանատիպ խոստումներ ի դերև եղան։ Եվ երբ տնտեսության անգամ օպերատիվ կառավարման հարցում խնդիրներ ունեցող կառավարության ղեկավարը հրապարակում է 30-ամյա ռազմավարական հայեցակարգ, տպավորություն է ստեղծվում, որ դրա նպատակն իրականում ներկայի ապաշնորհությունն ապագայի վրա տարրալուծելու փորձ է։ Անհաջող փորձ։
Եվ ամենակարևորը՝ Հայաստանի հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընտրել է ոչ թե մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածը մտավարժանքային հեղափոխություններ իրականացնելու, այլ շատ որոշակի՝ 2018-2023 թվականներն ընդգրկող հատվածում Հայաստանը ղեկավարելու համար։ Նա, սակայն, չունենալով հնգամյա ժամկետի համար որևէ իրական ռազմավարական ծրագիր, առաջ ընկնելով՝ հրապարակում է 30-ամյա տեսլական։ Սա անուղղակի ուղերձ է քաղաքացիներին առ այն, որ առաջիկա տարիներին իրենից որևէ ռազմավարական արդյունք պետք չէ սպասել։ Փաշինյանի հաշվարկը պարզ է, անգամ պարզունակ․ եթե չի հաջողվում արդյունքներ ապահովել ներկայում, պետք է հասարակությանը կերակրել ապագայի ուտոպիստական ծրագրերով։ Իսկ ապագան այդ իմաստով մեծ հնարավորություններ է տալիս, որովհետև մեր բանահյուսությունը հայտնի առած ունի էշի և/կամ նրա սեփականատիրոջ անփառունակ վախճանի կապակցությամբ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: