Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

24 սեպ 2020 13:14

Հայ-ամերիկյան բանակցություններից առաջ կառավարությունը լոբբիստական ընկերություն է վարձել. արժեքը 10 հազար դոլար

Մյուս ամիս Վաշինգտոնում եզրափակվող հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունից առաջ Հայաստանի կառավարությունը վարձել է Alstօn & Bird լոբբիստական ընկերությանը՝ խորհրդատվություն մատուցելու, տեղեկանում ենք Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերից։


«Ազատությանը»  Հայաստանի արտգործնախարարության տրամադրած տեղեկության համաձայն, մի շարք երկրների շահերը ԱՄՆ-ում ներկայացնելու մեծ փորձառություն ունեցող Alstօn & Bird-ը կօժանդակի Հայաստանի դեսպանությանը հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգն առաջ մղելուն և Միացյալ Նահանգների Կոնգրեսում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդունման հարցում։

Արտգործնախարարության ԱՄՆ և Կանադայի բաժնի պետ Արմելլա Շաքարյանի խոսքով, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգում են արդարադատությանը, տնտեսությանը, պաշտպանությանը և քաղաքականությանը վերաբերող հարցեր։


«Անցյալ տարի, երբ մեկնարկեց ռազմավարական երկխոսությունը, երկկողմ օրակարգը Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդլայնվեց, միջկառավարական խորհրդակցությունները համակարգում էր Տնտեսական հանձնաժողովը և քննարկվում էին տնտեսական և այլ բնույթի հարցեր, իսկ ռազմավարական երկխոսության մեկնարկից հետո օրակարգն ընդլայնվեց: Ներկա օրակարգում քննարկվում են նաև տարածաշրջանային, գլոբալ, միջազգային հարցեր», - ասաց Շաքարյանը:


«Ազատության» հարցին, թե Հայաստանն ի՞նչ է ակնկալում այս բանակցություններից, Արտգործնախարարության ԱՄՆ և Կանադայի բաժնի պետը պատասխանեց. «Մենք ակնկալում ենք երկկողմ օրակարգի ընդլայնում, ավելի գլոբալ ծրագրերի իրականացում Միացյալ Նահանգների հետ և տնտեսական հարաբերությունների զարգացում»:


Հարցին էլ՝ քանի որ ներառվել են պաշտպանությանը և քաղաքականությանը վերաբերող կետեր, Երևանում ակնկալո՞ւմ են նաև այս ոլորտներում հարաբերությունների խորացում, Արմելլա Շաքարյանն արձագանքեց. «Այո, քննարկում ենք այս ոլորտներում հարաբերությունների խորացում»:


Արտգործնախարարությունն ընդգծում է, որ սա Հայաստանի կողմից լոբբիստական ընկերության հետ համագործակցության առաջին փորձը չէ, և տարբեր տարիների Հայաստանի կառավարությունը դիմել է նման ընկերությունների ծառայություններին, ինչը Վաշինգտոնում ընդունված գործելաոճ է։ Ըստ ԱԳՆ տեղեկանքի, հարևան Թուրքիան ԱՄՆ-ում կնքել է լոբբիստական 167 գործարք, Վրաստանը՝ 62, Ադրբեջանը՝ 52:


Անցած տարվա մայիսին Երևանում կայացած հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստից հետո այս սեպտեմբերին տեղի ունեցան երկրորդն ու երրորդը, որոնք COVID-ի պատճառով անցկացվեցին տեսակապի միջոցով։ Նման կերպ կայանալու է ևս երկու նիստ, եզրափակիչը՝ վեցերորդը կայանալու է հոկտեմբերին, և սպասվում է, որ այդ նիստին մասնակցելու համար Վաշինգտոն է մեկնելու հայաստանյան պատվիրակությունը՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։


«Այս պահին եզրափակիչ հանդիպման ձևաչափը դեռ քննարկման փուլում է, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արդեն հստակ կլինի՝ ինչ մակարդակով է անցկացվելու հանդիպումը և ինչ ձևաչափով», - ասաց Շաքարյանը:


«Ազատության» հարցին՝ հանդիպումն ակնկալվում է պետությունների ղեկավարների մակարդակո՞վ, թե՞ նախարարների, նա պատասխանեց. «Ակնկալվում է նախարարների մակարդակով»:


Ըստ Շաքարյանի, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության արդյունքում ակնկալվում է փաստաթղթերի ստորագրում, սակայն ոչ այս փուլում։


Հայաստանի կառավարության վարձակալած Alston & Bird ընկերությունը կապվում է ԱՄՆ Սենատում 27 տարի Կանզաս նահանգը ներկայացրած, 1996 թվականին ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու 97-ամյա Ռոբերտ (Բոբ) Դոուլի հետ։


Տասը հազար դոլար արժողությամբ գործարքը կնքել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Դոուլը, ով հայամետ գործչի համբավ ունի, Alston & Bird ընկերությունում ավագ խորհրդատու է:


«Աջակցելու ենք Հայաստանի Հանրապետության ջանքերին՝ ուղղված Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերություններ կառուցելուն՝ 2020թ. հոկտեմբերին նախատեսված դիվանագիտական բանակցություններից առաջ։ Մեր այս ծառայությունները կարող են ներառել Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և աշխատակիցների հետ կապ հաստատելը», - դեսպան Ներսեսյանին հասցեագրված նամակում գրում է Բոբ Դոուլը, նամակի պատճենը հրապարակել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։


Նամակից նաև հայտնի է դառնում, որ Բոբ Դոուլն ու Alston & Bird ընկերությունը Հայաստանի կառավարությանը ծառայություն են մատուցելու մեկ ամիս ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր