Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Վ. Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Վ. Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ա. Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով:
Նկարագրված դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ա. Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել է վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: