Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ

Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում փորձեց հերքել գաղտնի բանակցություններին իր մասնակցության մեղադրանքները:
«Ալիևի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ: Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիևի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որևէ հարց չեմ քննարկել: Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից և դրան հաջորդած ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիևի որոշ պաշտոնյաներ դեռևս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները: Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ…»,- գրել էր նա:
Ընդ որում, Արսեն Խառատյանն իր հերքման տեքստում պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին էր խոսում, մինչդեռ ադրբեջանական այդ հրապարակման մեջ նշվում էր, որ էմիսարությունը եղել է նրա պաշտոնանկությունից հետո:
168.am–ի աղբյուրների տեղեկացմամբ, սակայն, Արսեն Խառատյանը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանի հետ է կապի մեջ եղել, որպեսզի ոչ ֆորմալ հանդիպում ունենա ադրբեջանցիների հետ: Ըստ նույն աղբյուրի՝ իրենք վաղուց ծանոթ են եղել: 2019թ. հունվարին Արսեն Խառատյանը զբաղեցրած պաշտոնից դուրս գալուց հետո շարունակել է պաշտոնապես հանդես գալ՝ որպես ՀՀ կառավարության կոնսուլտանտ, ու այդ պաշտոնով ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Քարնեգի» կենտրոնում` ՀՀ դեսպանի ներկայությամբ:
Բացի դա, այդ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ԵՄ ու ԱՄՆ միջնորդությամբ պետք է ոչ պաշտոնական խողովակով աշխատեն Հայաստանն ու Ադրբեջանը: Այսինքն՝ ռուսական կողմին պետք է դուրս մղել այդ գործընթացից: Դա նույնն է, ինչ ադրբեջանական մամուլն ըստ էության գրել է:
Աղբյուրը՝ 168.am