Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

12 հոկ 2020 10:15

ԼՂ հակամարտության հարցում ինչն է միավորում Թուրքիային, Իսրայելին ու Պակիստանին՝ կանգնելու Ադրբեջանի կողքին

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունը վերաճել է պատերազմի։ Վերջին սրացման մեջ ներգրավված են նաև տարբեր երկրներ, ընդ որում՝ Ռուսաստանը, Իրանն ու Հնդկաստանն աջակցում են Հայաստանին, մինչդեռ Թուրքիան, Իսրայելը և Պակիստանը միավորվել են՝ կանգնելով Ադրբեջանի կողքին, գրում է The New Arab թերթը։


Ինչպես ընդգծում է թերթը, սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է իր լիակատար աջակցությունը հայտնել Բաքվին և հրահրում է շարունակել ռազմական գործողությունները։


«Հետևելով այդ հարցում Անկարայի դիրքորոշմանը՝ Պակիստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին»,- գրում է թերթը՝ ընդգծելով, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, միչդեռ Իսրայելը, որն ակնհայտորեն նույնպես աջակցում է Ադրբեջանին, դիվանագիտական հարաբերություններ ունի Հայասատնի հետ։


Ըստ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ Իսրայելը 2006-2019թթ. ընկած ժամանակահատվածում Բաքվին 825 մլն դոլարի զենք է տրամադրել: Բացի այդ, տրամադրել է նաև տարբեր պաշտպանական տեխնոլոգիաներ, այդ երկրում են պատրաստվել նաև ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները։


Լուրերի համաձայն՝ Պակիստանը նույնպես ռազմական առումով օգնել է Բաքվին, սակայն Իսլամաբադը հերքում է այդ հաղորդագրությունները, մինչդեռ Թուրքիան Ադրբեջանին է տրամադրել իր ամբողջ ռազմական զինանոցը, այդ թվում՝ F-16 մարտական օդանավերը։


«Հետաքրքիր է, որ թեև Անկարան և Իսլամաբադը սերտ հարաբերություններ ունեն, նրանք հեռավոր կամ ընդհանրապես կապ չունեն Թել Ավիվի հետ։ Պակիստանը չի ճանաչել Իսրայելը պաղեստինյան հարցի պատճառով, և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան»,- նկատում է պարբերականը՝ ընդգծելով, որ «փորձագետների կարծիքով՝ Պակիստանը կարող է դառնալ այն սակավաթիվ երկրներից մեկը, բացի Իրանից, որը երբեք չի ճանաչի Իսրայելը, ուստի Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու ցանկացած համատեղ ջանք քիչ հավանական է»:


Թերթը նաև նշում է, որ Անկարան, Թել Ավիվ և Իսլամաբադ զգալի էներգակիրներ են ստանում Ադրբեջանից, և եթե Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը ձգձգվի, դա կարող է բացասաբար ազդել բոլոր երեք երկրների էներգետիկ անվտանգության վրա, քանի որ Բաքվի հիմնական արտահանման խողովակաշարերի մեծ մասը գտնվում է Հայաստանի հետ սահմանից մոտ 10 մղոն հեռավորության վրա:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր