Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

17 հոկ 2020 12:32

Ահաբեկիչների ներթափանցումը շատ-շատ լուրջ է,չորս մասի. բաժանված վարձկանները պետք է ճնշեն նաև Ադրբեջանի ներքին խռովությունները

Թուրքիան, դիրքավորվելով Ադրբեջանում ու Սիրիայից և Աֆղանստանից բերելով վարձկան ահաբեկիչների՝ ամենևին էլ չի կենտրոնանում միայն «Ադրբեջանին Արցախի գրավման հարցում» աջակցելու խնդրի լուծման վրա: Նրա իսկ սադրանքով սանձազերծված այս պատերազմը սոսկ առիթ է՝ ահաբեկիչներին նետելու ոչ միայն Ադրբեջանի խորքերը, այլև Ռուսաստան ու Իրան, և հայկական կողմի՝ դրա վերաբերյալ ժամանակին կատարված զգուշացումներն արդեն հաստատվել են: Այդ և հարակից հարցերի մասին է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի զրույցն Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:


– Պրն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան ներթափանցման ծավալներն այսօրվա դրությամբ: Արդյոք նրանց հայտնվելը Հարավային Կովկասում առնչվո՞ւմ է միայն արցախյան հիմնախնդրի հետ:


– Ահաբեկիչների ներթափանցումը շատ-շատ լուրջ է: Ըստ մեր տվյալների՝ խոսքն արդեն մի քանի հազար ահաբեկչի մասին է, որոնք Թուրքիայի միջոցով տեղափոխվել են Ադրբեջան: Բայց ոչ բոլորն են մասնակցում Արցախի դեմ պատերազմին: Նրանք բաժանված են չորս մասի. մի մասն այստեղ է, մյուսը տեղակայված է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, երրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, չորրորդ մասն էլ երկրի ներսում հաստատվել է տարբեր վայրերում, որ եթե հանկարծ ներքին դժգոհություններ լինեն, իսկ մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի մեծաքանակ զոհերի ու վիրավորների պատճառով ներքին դժգոհությունները հասունանում են երկրաչափական պրոգրեսիայով, խեղդվեն: Այսինքն՝ վարձկանները պետք է ճնշեն նաև ներքին խռովությունները:


Տեսնում ենք, որ ահաբեկիչներն արդեն ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Ի սկզբանե զգուշացրել էինք, որ վարձկանների մի մասը տեղակայված է Դաղստանի սահմանին, և ներթափանցումն այդ երկրի տարածք չի բացառվում: Դրանից հետո դա իրականություն դարձավ: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին: Նրանք, ըստ հրապարակված տեղեկությունների, հասել են Չեչնիա, որտեղ 4 ահաբեկչի արդեն ոչնչացրել են: Մյուս խումբը մտել էր Վոլգոգրադ, որտեղ ահաբեկչական գործողություններ էին պլանավորված. իսլամիստները ծրագրում էին պայթեցնել կառավարական շենքեր, զինվորականների հանրակացարաններ, արտադրական շինություններ և Ռուսաստանի պատմական հուշարձաններից մեկը՝ «Մայր Հայրենիքը»:


Արդեն պարզ է, որ ահաբեկիչները Ռուսաստանում հայտնվել են Ադրբեջանից, իսկ այդ երկիր նրանց տեղափոխել էր Թուրքիան՝ հավաքագրելով Սիրիայից: Այս ամենը ցույց է տալիս, որ նաև հարակից պետություններն են մտահոգված: Եվ ոչ միայն մտահոգված են, այլև իրենց տարածքներում ոչնչացնում են ահաբեկիչներին: Չի բացառվում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նույն այդ հարակից պետություններն ահաբեկիչներին ոչնչացնեն բուն Ադրբեջանի տարածքում: Եվ ինձ թվում է, որ ամեն ինչ դրան է տանում:


-Կխնդրեի մանրամասնել ահաբեկիչների՝ Իրան ներթափանցման վերաբերյալ լուրերը:


-Իրանական կողմն ահաբեկիչների թիրախներից մեկն է: Տեղյակ եք, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների թիրախներից մեկն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարի խոցումն է: Այն կառուցվել է Իրանի կողմից և հիմնականում սպասարկում է այդ երկրի կարիքները, քանի որ Հյուսիսային Իրանը, փաստորեն, էկոլոգիական աղետի մեջ է: Հիշյալ ջրամբարը որոշակիորեն օգնում է, կարելի է ասել՝ այդ տարածքի փրկության միակ աղբյուրն է: Հիմա Թուրքիան, ահաբեկիչներն ու Ադրբեջանն ուզում են այդ տարածքը վերցնել: Եվ ձգտում են դա անել վարձկանների միջոցով: Ավելին՝ ահաբեկիչները, ամենայն հավանականությամբ, արդեն ներթափանցել են Իրանի տարածք: Դա չի կարող չանհանգստացնել Իրանին: Ինչպես տեսնում ենք, սա լուրջ խնդիր է, որն արդեն նոր որակ է հաղորդում նաև այլ երկրների մտահոգություններին և նրանց կողմից ձեռնարկվող քայլերին:


-Իրանի իշխանությունների պաշտոնական արձագանքն արդեն հայտնի՞ է:


– Չպետք է սպասել պաշտոնական արձագանքին: Ավելի քան վստահ եմ, որ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:


– Ինչի՞ է ձգտում Թուրքիան՝ խառնաշփոթ ստեղծելով ոչ միայն տարածաշրջանում, այլև հարևան գրեթե բոլոր երկրներում: Սկզբնական շրջանում «հարևանների հետ ոչ մի խնդիր» սկզբունքը որդեգրած Թուրքիան այսօր բոլորի հետ խնդիրներ ունի: Ավելին՝ ոչ միայն հարևանների հետ:


– Թուրքիան ունի պայքարի շատ հարուստ փորձ, երբ գտնվում է նման ծանր ու բազմաշերտ արկածախնդրության մեջ: Չպետք է թերագնահատենք նրան: Նպատակներից մեկը հայկական պետականության թուլացումն է: Հաջորդը՝ աջակցումը Ադրբեջանին, որտեղ հաստատվելով՝ Թուրքիան առաջին քայլն է կատարում իր պանթուրանական երազանքի իրականացման ճանապարհին: Հավանաբար, հենց այդ պատճառով նրանք հարկ չեն համարել որևէ մեկին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնց դաշնակիցն է, տեղյակ պահել իրենց գործողությունների մասին: Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան և այնտեղից դուրս չի գա սեփական կամքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր