Հունաստանին ուղղված հայկական նախազգուշացումները՝ հազարավոր սիրիացի վարձկաններ պատրաստ են կռվել Թուրքիայի համար
Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ուղղված նախազգուշացումից հետո հայկական կողմից նախազգուշացումներ են գալիս սիրիացի թուրք վարձկանների մասին, որոնք կարող են գործել Հունաստանում:
Այս մասին գրել է հունական «Տա Նեա» (Τα Νέα) օրաթերթի կայքը։
«Տե Նեա»-ն, հղում անելով կիպրական «Ի Սիմերինի» (Η Σημερινή) թերթի simerini.sigmalive.com կայքին, գրել է, որ Հունաստանին ուղղված հայկական նախազգուշացումները գալիս են հայկական «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության լրագրող Աբրահամ Գասպարյանից: «Գասպարյանը, որը Սիրիայում ծնված հայ է, անցած չորեքշաբթի «ԱրմՆյուզ» -ի (21/10/2020) եթերում ներկայացրել է, որ Իդլիբում սիրիացի զինյալների շրջանում քննարկվում է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև պատերազմը «շատ հավանական է», և որ հազարավոր սիրիացի վարձկաններ, որոնք պատրաստ են տեղակայվել Հունաստանի հետ ցամաքային սահմանին»:
«Տեղեկատվությունը գալիս է արտահոսող քննարկումներից [...] Գասպարյանի տեղեկատվության մեջ նշվում է, որ վարձկանները կտեղակայվեն Հունաստանի և Թուրքիայի սահմանին՝ Թրակիայում (պատմա-աշխարհագրական շրջան Հարավարևելյան Եվրոպայում, այժմ բաժանված է Բուլղարիայի, Հունաստանի և Թուրքիայի միջև - հեղ․)»:
Թերթը գրել է, որ սիրացի զինյալները Թուրքիայի համար դառնում են ներքին խնդիր, և պատճառներից մեկը սա է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ցրել նրանց՝ որպես Լիբիայում և Ադրբեջանում իր շահերը սպասարկող շարժիչ մարտական ուժ:
«Հոկտեմբերի 21-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոզիայում տեղի ունեցած Կիպրոս-Հունաստան-Եգիպտոս վերջին 8-րդ եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին ահազանգեց իսլամիստական ահաբեկչության մասին: Գեներալ ալ-Սիսին իր երկու հույն զրուցակիցներին փոխանցեց հաղորդագրությունը, որ այս հարցը չափազանց կարևոր է Եգիպտոսի համար՝ հորդորելով նրանց այն բարձր պահել իրենց դիվանագիտական օրակարգում»,- նշել է «Τα Νέα»-ն: