Տեսանյութ. Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. Սյունիքում հակառակորդի հարվածից զինծառայողներ են վիրավորվել
Սյունիքի մարզում հակառակորդի ԱԹՍ–ների հարվածներից զինծառայողներ են վիրավորվել։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են վիրավորված զինծառայողներին տեղափոխում հոսպիտալ։
«Հակառակորդը թիրախավորել է Հայաստանի հարավային սահմանը։ Կրակ է վարում հարավի ուղղությամբ, հիմնականում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր»,-ասվում է տեսանյութում:Նշվում է, որ հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15–ի սահմանում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչուներից մեկն ընկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում։