Ինչո՞ւ որոշվեց դիմել ՌԴ–ին պատերազմը սկսվելուց մեկ ամիս անց
Ռուսաստանին դիմելու պահը որոշվել է` ելնելով ռազմական իրավիճակից, այն բանից, ինչ կատավում է հիմա։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ որոշվեց դիմել ՌԴ–ին պատերազմը սկսելուց մեկ ամիս անց։
Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։
«Ինչ–որ պահ է եղել, երբ կուտակումները վկայել են այն մասին, որ արդեն իսկ պետք է դիմել Ռուսաստանին։ Երևի կար իրավիճակ, որն իրենից վտանգ էր ներկայացնում, այդ թվում` Հայաստանի սահմանների համար»,–ասաց Գրիգորյանը։
Ռուսաստանին դիմելուց առաջ, ըստ Գրիգորյանի, քննարկել են իրավիճակը, և զինվորականների վերլուծությունն այդ առումով մեծ նշանակություն է ունեցել։