Ի՞նչն է դրդում Թրամփին աչք փակել ԼՂ-ում էթնիկ հայերի սպանդի վրա,պաշտպանել Էրդողանին.Թուրքական կայք
Թուրքական ahvalnews.com կայքը հրապարակել է Դեյվիդ Ֆիլիփսի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտպանությանը:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ The Trump Organization-ը 14 միլիոն դոլար է ստացել Ստամբուլում Թրամփի աշտարակների վրա ԱՄՆ նախագահի անունը օգտագործելու համար: Ադրբեջանցի օլիգարխները նույնպես միլիոններ են վճարել Թրամփի կազմակերպությանը Բաքվում գեղեցկության մրցույթի անցկացման համար: MSNBC հեռուստաալիք կողմից վերջերս արված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թրամփի կազմակերպությունը բաժնետիրական մասեր ունի 119 թուրքական կազմակերպություններում:
Ֆիլիփսը նկատում է, որ Թրամփն աննախադեպ ջանքեր է գործադրում՝ փորձելով հետ պահել ԱՄՆ արդարադատության նախարարությանը թուրքական HalkBank պետական բանկի հետապնդումից: Հայտնի է, որ ԱՄՆ դատախազներն արդեն հաստատել է, որ HalkBank-ը օգնել է Իրանին խուսափել ամերիկյան պատժամիջոցներից:
Եվ ուրեմն ի՞նչն է դրդում Թրամփին հովանավորել HalkBank-ին:
«Թրամփի կազմակերպությունը 431 միլիոն դոլարի պարտք ունի, որը Թրամփը անձամբ է երաշխավորել: Երբ Թրամփի հարկային փաստաթղթերը վերջապես հրապարակվեն, չզարմանաք, եթե պարզվի, որ HalkBank-ը կամ Էրդողանին մոտ կանգնած գործարարները ֆինանսավորել են Թրամփի կազմակերպությունը»,-գրում է հեղինակը:
Նա նշում է, որ Թրամփի կոնֆլիկտային շահերը ռեալ սպառնալիք են ԱՄՆ Ազգային անվտանգության համար: Նա Թուրքիայի զինված ուժերին և նրանց դրածո ջիհադականներին հրավիրել է Հյուսիսային Սիրիա, որտեղ նրանք հրեշավոր հանցանքներ են կատարել քրդերի, հայերի և սիրիացի քրիստոնյաների նկատմամբ: Նա աչք է փակում այն բանի վրա, թե ինչպես են Թուրքիայի կողմից աջակցվող իսլամիստները Լեռնային Ղարաբաղում սպանում էթնիկ հայերին: Նա լուռ է նաև այն դեպքում, երբ թուրքական ռազմանավերը Միջերկրական ծովի արևելքում մարտահրավեր են նետում Հունաստանին, Կիպրոսին և Իսրայելին:
«Երբ խոսքը վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, Թրամփն իր անձնական շահը ավելի վեր է դասում ԱՄՆ-ի ազգային շահերից: Պետք է պարզել, Թրամփի գործողությունները հակասում են է՞թիկային, թե՞ առհասարակ հանցավոր են»,-եզրափակել է Ֆիլիփսը: