12 կալանավոր և 11 դատապարտյալ ազատ է արձակվել՝ ռազմաճակատ մեկնելու համար

168.am–ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոխվել է 12 կալանավորի խափանման միջոց, ևս 11 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են մի շարք դիմումներ, որոնց քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորված անձանց խափանման միջոցները, իսկ 11 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից»,- ասաց ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ խնդրի նրբությունը հաշվի առնելով՝ ցուցաբերվում է խիստ անհատական մոտեցում: