Բայդենի հաղթանակի դեպքում ակտիվանալու են իսլամական արմատական կազմակերպությունները,վերսկսվելու է նրանց պաշտպանության հռետորաբանությունը
Քաղաքագետ, «Ժամանակի էությունը» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը ռուսական «Իմանալու իրավունքը» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախագահ դառնալու դեպքում աշխարհում ակտիվանալու են իսլամական արմատական կազմակերպությունները:
Կուրղինյանի խոսքով՝ դեմոկրատները բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերում արմատական իսլամի ներկայացուցիչների նկատմամբ:
Քաղաքագետը պարզաբանել է, որ դեմոկրատներն արմատական իսլամը որակում են որպես ժողովրդի կամարտահայտություն, իսկ դրանց անդամներին «ազատ մտածող պարտիզաններ, մարտիկներ» անվանում: Նա նաև ընդգծել է, որ Բայդենի հաղթանակի դեպքում վերսկսվելու է իսլամիստների պաշտպանության հռետորաբանությունը:
«Կրկին տեսնելու եք, որ ամբողջ երկրագնդով մեկ խոսվելու է այն մասին, որ մարդկանց գլխատելու համբավ ունեցող ինչ-որ արմատական իսլամական կազմակերպություններ իրականում հենց ժողովրդավարության արտահայտիչներն են»,- եզրափակել է փորձագետը:
Նշվում է, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին Մերձավոր Արևելքում էականորեն ամրապնդվել են արմատական իսլամիստների խմբավորումները, ինչն էլ տարածաշրջանի ապակայունացմանն է հանգեցրել: