Որևէ մեկը չի ասել, որ Արցախի հանձնված հողերը կադրային փոփոխություններով հետ պետք է բերվեն

«Որևէ մեկը չի ասել, որ Արցախի հանձնված հողերը կադրային փոփոխություններով հետ պետք է բերվեն: Կադրային փոփոխությունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի, որովհետև Հայաստանը դեռ պիտի գոյատևի և տնտեսությունն ու մնացած կառույցները նորմալ աշխատեն»,- ասաց Թունյանը:
Պատգամավորը շեշտեց, որ գաղտնիք չէ, որ կոնկրետ ոլորտների հետ կապված հանրության մեջ կային դժգոհություններ, որոշ ոլորտներում էլ, նրա խոսքով, նոր մոտեցումներ են պետք:
«Խնդիրը ոչ թե անձերն են, այլ ծրագրերը, գաղափարները»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ ըստ վարչապետի նախանշած ճանապարհային քարտեզի` 6 ամսվա ընթացքում նոր կադրերը պետք է որոշակի արդյունքներ ապահովեն:
Լրագրողները տնտեսագետ պատգամավորից հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է վերաբերվում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում գործարար, «Menu.am» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի նշանակման լուրին:
«Նշանակումը կլինի, նոր կմեկնաբանեմ: Ամեն դեպքում բիզնեսմեն կնշանակվի, թե ոչ բիզնեսմեն, ցանկացած թեկնածուի պարագայում մանրամասն քննարկումներ են իրականացվում: Ուղղակի հասկանանք՝ այդ մարդն ի վիճակի լինելու է ինչ-որ փոփոխություններ կատարել, ունի բավարար փորձ, գիտելիքներ»,- ասաց Թունյանը:
Նշենք, որ ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին վարչապետը կադրային փոփոխություններ է անում, թեև ընդդիմությունը պահանջում է հենց նրա հրաժարականը։
Առաջինը հեռացան ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տոնոյանը։ Ոչ բոլորն են սեփական դիմումի համաձայն գնում, շատերը լքում են պաշտոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դրդմամբ»։ Շատ փորձագետների կարծիքով՝ այդպիսով վարչապետը փորձում է ազատվել ժողովրդականություն վայելող նախարարներից և բարձրացնել իր վարկանիշը։