Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 նոյ 2020 14:44

Պատերազմի ամբողջ ընթացքում ողջ ճշմարտությունն ասվել է ժողովրդին, ասվել է՝ պատերազմին հատուկ կանոններով․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղերձում նշել է, որ պատերազմի օրերին պաշտոնական մարմիններն ամեն ինչ ասել են պատերազմի ընթացքի մասին, չեն ստել, բայց դա ասել են պատերազմի կանոններով։

«Պաշտոնական մարմինների կողմից մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Մարտունիի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Շուշիի եւ Քարինտակի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհը, մի՞թե չի ասվել Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր ձեւավորելու մասին: Ի՞նչ էր նշանակում այդ ամենը: Կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր այդ ամենը՝ աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ»,-ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ ասվել է նաև մեր բանակի ու զինվորների, սպաների ու գեներալների հերոսությունների մասին․ իսկ մի՞թե դա սուտ է:

«Սոթքից մինչեւ Հաթերք հատվածում՝ չնայած պատերազմի առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց հընթացս այդ դիրքերը ետ են վերցվել, եւ մինչեւ պատերազմի վերջին օրը այդ հատվածում առաջնագիծը լիարժեք կանգուն էր: Եղնիկների հատվածում մինչեւ պատերազմի վերջին օրը հակառակորդը, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել: 6-րդ պաշտպանական շրջանում՝ չնայած Թալիշի կորստին, մինչեւ վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են: 5-րդ, 4-րդ, 3-րդ պաշտպանական շրջանները մինչեւ վերջին օրը, ըստ էության, պահել են առաջնագիծը: 2-րդ պաշտպանական շրջանը մինչեւ վերջ պահել է առաջնագիծը եւ վերախմբավորվել է հրամանով՝ ռազմական իրադրությունից ելներով: Նույնը կարելի է ասել 1-ին պաշտպանական շրջանի մասին: Բա էնտեղ այս իրավիճակը պահած զինվորները, սպաները, գեներալները ի՞նչ են, եթե ոչ հերոսներ, բա նրանց արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ:

Այս մարդիկ հերոսական կռիվ են տվել, այդ մարդիկ հերոս են, այո, նաեւ նրանց կյանքերը փրկելու, նրանց շրջափակվելը թույլ չտալու համար եմ գնացել նոյեմբերի 9-ի որոշման, որովհետեւ այս մարդիկ անմնացորդ նվիրումով ու հերոսաբար ծառայել են հայրենիքին, գնացել են աննկարագրելի զոհողությունների հանուն հայրենիքի: Եւ այդ մինչեւ 35.000 զինվորի, սպայի, գեներալի կյանքը փրկելը, նրանց նվիրումին և զոհողություններին զոհողությունով պատասխանելը, այո՛, նաեւ հայրենիքի պարտքն էր:

Հերոսական կռիվ են տվել նաեւ 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր բազմաթիվ հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ: Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, եւ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունը ասվել է ժողովրդին, ասվել է պատերազմին հատուկ կանոններով:

«Ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել եւ փոխել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին եւ նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի կռիվ տվող զինվորին, այն զինվորին, որոնց մասին ես ասում էի՝ ովքեր մինչեւ վերջին պահը անառիկ են պահել իրենց դիրքը, իրենց գիծը»,-ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր