Անթույլատրելի է հանրությանն անորոշության մեջ պահելը, ասեք ողջ ճշմարտությունը սահմանների մասին
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմում է իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել հանրությանն անորոշության մեջ պահելը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մեր երկրի սահմանների փոփոխություններին։ Facebook-ի պաշտոնական էջում պաշտպանը գրել է, որ իշխանությունները պարտավոր են բացատրել, մանրամասնորեն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։«Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։ Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է»,- գրել է Թաթոյանը։
Նա անթույլատրելի է համարում հանրությանն անորոշության մեջ պահելը։ Նրա կարծիքով՝ այսկերպ հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների համար տագնապային վիճակներ են ստեղծվում ու այդ ամենով խաթարվում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը։ Պաշտպանն ընդգծում է՝ չի կարելի մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։
«Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»,- եզրափակում է Հայաստանի ՄԻՊ-ը։
