Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության          Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը       Զինված տղամարդը վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային. ոստիկանության տեսանյութը    

05 դեկ 2020 11:55

42 մլն դոլարով ձեռք էին բերվել չաշխատող սարքեր.. այսօր այդ էլիտան անում է ամեն ինչ, որ շատ բաներ մնան չբացահայտված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր տեսաուղերձում անդրադարձավ բանակի սպառազինությունների խնդրին, մասնավորապես այն մեղադրանքներին, թե Հայաստանի ու Արցախի օդը, ինչպես պատերազմը ցույց տվեց, փակ չէր:

«Օդը «փակ» էր, որովհետև 2017թ-ին հայոց բանակի համար 42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը պետք է փակված համարվեր: Բայց ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը պարզապես չեն աշխատում: Այդ գնման հեղինակն իբր սենսացիոն բացահայտում է անում, ասում է ՍՈւ-30-ների համար իրեն ժամանակին ատկատ էին առաջարկել, բայց ինքը հրաժարվել է գործարքից: Հարց` իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերն առանց ատակատի՞ են գնվել: Այդ ով կհավատա, որ 42 մլն դոլարանոց սարքը գնվել է ազնվության ու բարի մղումների շրջանակներում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև «Օսա ԱԿ» խոցող համակարգերի գնման գործարքին, որի վերաբերյալ իրենց մեղադրում են անարդյունավետ համակարգեր գնելու համար: Փաշինյանը շեշտեց, որ պատերազմի ընթացքում դրանցով բազմաթիվ թիրախներ են խոցվել, այդ թվում՝ ԱԹՍ-ներ:
Մեղադրանքներին, թե իրենք 2.5 տարում բանակի համար անհրաժեշտ սպառազինություններ չեն գնել, Փաշինյանը պատասխանեց. «2.5 տարում մենք պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորի սննդի, վարտիքի ու կոշիկի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, փամփուշտներ գնեինք, ՀՕՊ միջոցներ գնեինք, ինքնաթիռներ գնեինք: Մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ վերջին 20 տարվա ընթացքում պետք է գնվեր ու չէր գնվել»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ նույն ժամանակահատվածում վիլլաներ կառուցելը, Եվրոպայում առանձնատներ գնելը, շվեյցարական բանկերում միլիոններ կուտակելը ավելի կարևոր է համարվել, քան բանակը սպառազինելը:

Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմության այն մեղադրանքին, թե ինքը պատերազմի երրորդ օրը բանակին վերաբերող որոշում է կայացրել, որն աղետալի հետևանքներ է ունեցել:

«15 օր է` այդ որոշումը փնտրում ենք ու չենք գտնում, որովհետև չկա նման որոշում»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ պատերազմի ընթացքում միայն մեկ միանձնյա որոշում է կայացրել, որի շնորհիվ այսօր 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, որովհետև, նրա խոսքով, ոմանք խուճապի մեջ ուզում էին դա էլ հանձնել:

ՀՀ վարչապետը հայտնեց, որ պատերազմի առաջին իսկ օրերից ինչ-որ մարդիկ առաջնագծում լուրեր են տարածել, թե պատերազմն անիմաստ է, Նիկոլը հողերը ծախել է: Իսկ ինչ-որ քաղաքական շրջանակներ ներքաղաքական անակնկալներ էին խոստանում:
«Այդ ո՞ւմ հետ էին պայմանավորվել պատերազմի ու անակնկալների շուրջ: Դրանք էլ հո հրապարակային հայտարարություններ են»,- ասաց նա:

Մինչդեռ, իր համոզմամբ, պատերազմում պարտության հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը 25 տարի եղել է կոռումպացված պետություն, իսկ այսօրվա էլիտայի մի ազդեցիկ մասը զբաղված է եղել բացառապես սեփական ռեսուրս կուտակելով:

Այսօր, ըստ նրա, այդ նույն էլիտան անում է ամեն ինչ, որ շատ բաներ մնան չբացահայտված:

Վարչապետի խոսքով` այդ վարկածի համատեքստում են դիտարկվում նաև նոյեմբերի 10-ի գիշերը կառավարական շենքերի վրա կատարված հարձակումները:

Փաշինյանը խոստացավ պատերազմի բոլոր սխալներն ու պարտության պատճառները վերլուծել հանգիստ աշխատանքային պայմաններում, առանց մանիպուլյացիաների ու էմոցիաների:

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում հայտարարել էր, որ մենք 2,5 տարվա ընթացքում չենք փորձել լիարժեք փակել օդը, այնինչ դա հնարավոր էր, եթե, օրինակ, 120 միլիոն դոլար պարգևավճարներ բաժանելու փոխարեն գնվեին այնպիսի զինատեսակներ, համակարգեր, որոնք արդյունավետ կլինեին անօդաչու սարքերի դեմ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր