Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

08 դեկ 2020 13:56

Հորդորեցինք Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները. Գարեգին Բ-ի ուղերձը

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կպակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ զավակներ Մեր ի հայրենիս եւ ի սփյուռս,

Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության եւ տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետեւանքները եւ արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը եւ ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում։

Ստեղծված ծանր իրադրությունը եւ ներքաղաքական խորը ճգնաժամը նոր վտանգների առջեւ է կանգնեցրել հայրենի մեր երկիրը՝ կենսական դարձնելով հառնած լրջագույն մարտահրավերների հրատապ լուծման անհրաժեշտությունը։

Օրեցօր բարդացող իրավիճակի առնչությամբ քննարկումներ ենք անցկացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ։ Հանդիպումներ ենք ունեցել նաեւ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, քաղաքական ու ազգային զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համընդհանուր համոզումն է, որ օրհասական այս կացությունը պետք է իր հանգուցալուծումը գտնի բացառապես սահմանադրական ճանապարհով, ազգային համերաշխության ու ողջախոհության պայմաններում։

Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին եւ առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջեւ ծառացած եւ ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին եւ ներքին լուրջ մարտահրավերներով եւ վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաեւ հնարավոր բախումներն ու ողբերգական հետեւանքները։

Այս առումով նաեւ կոչ ենք ուղղում Ազգային ժողովին՝ մեր հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին եւ քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձեւավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Միայն հանրային վստահություն ունեցող եւ արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը եւ կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

Հայրական Մեր պատգամն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին, իշխանություններին եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ դժվարին այս օրերին զերծ մնալ բռնություն հրահրող եւ ատելություն սերմանող արտահայտություններից ու գործողություններից։ Ազգովին համախումբ ջանք եւ ներդրում բերենք առկա ճգնաժամի հաղթահարմանն ի նպաստ։ Մեր նահատակ հերոսների վառ հիշատակը եւ նրանց նվիրական տեսիլքները իրագործելու սրբազան ուխտը մեր սրտերում՝ միաբանվենք ու գործենք հանուն մեր հայրենիքի լուսավոր գալիքի, հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի։

Աստված պահապան եւ օգնական մեր ժողովրդին եւ հայրենիքին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր