Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

14 դեկ 2020 10:44

Փաշինյանի իշխանությունը փորձում է առաջնորդվել «հողերը տամ թուրքին, ինքնիշխանությունը տամ ռուսին, միայն կենդանի մնամ» աղետալի սկզբունքով

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին։
 
Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջը եկան հիշեցնելու, որ պատերազմը չի ավարտվել, որ մեկ ամիս առաջ ստորագրված Կապիտուլյացիայի ակտը ընդամենը զինադադար է, ոչ թե խաղաղության պայմանագիր, և այն ամեն րոպե կարող է խախտվել, որպես կանոն, այն կողմից, որն իրեն կարող է թույլ տալ խոսել ուժի դիրքերից։

Այս երկու բնակավայրերի, և նրանց շուրջը գտնվող ռազմավարական դիրքերի խնդիրը սրությամբ կանգնած էր զինադադարի առաջին իսկ օրվանից։ Այս դիրքերը հերոսաբար պահվել էին Բերձորի շրջանում կռվող հայկական ստորաբաժանումների կողմից, մեկ հստակ նկատառումով՝ ունենալ ռազմավարական պլացդարմ Շուշին գրոհող հակառակորդի թիկունքում (դա ակնհայտ է մեկ անգամ քարտեզին նայելուց)։ Զինադադարից հետո, ռուսական խաղաղապահ ուժերը ի սկզբանե մեծ շահագրգռվածություն չունեին այստեղ տեղակայվելու, պատահական չի, որ այս հատվածը նրանց պատասխանատվության գոտու քարտեզում հայտնվեց միայն երեկ, արդեն թշնամու կողմից նրա վրա զանգվածային գրոհից հետո։ Ամբողջ այս ընթացքում, դիրքերը պահել են այստեղ կռված հայկական կամավորական ջոկատները, իսկ Երևանի և Ստեփանակերտի ղեկավարությունը, այս հատվածը նոր ուժերով ամրապնդելու և անառիկ ամրոց դարձնելու փոխարեն, պասիվ սպասել է ռուսական խաղաղապահների գալստյանը։ 

Այս իմաստով սիմպոմատիկ էր հանգստյան օրերին դեռևս վարչապետի պաշտոնում գտնվող անձի խոսնակի կողմից արված հայտարարությունը, ըստ որի իրենք այս խնդրի մասին վաղուց տեղյակ են պահել ռուսական խաղաղապահ ուժերին, սակայն նրանք մինչև հիմա իրենց ստորաբաժանումը այս տարածքում չեն տեղակայել։ Այս տարօրինակ հայտարարությունից հետևում է, որ Արցախի հայկական տարածքների պաշտպանության պարտականությունը Հայաստանը դնում է ռուսական խաղապահների վրա, կարծես այլևս չկան հայկական զինված ուժեր և Արցախի պաշտպանության բանակ։ Սա սակայն աբսուրդ է, զինադադարի փաստաթղթի մեջ ոչ մի տեղ չի ասվում, որ հայկական զինված ուժերը դեմոբիլիզացվում են, կամ Արցախի պաշտպանության բանակը դադարում է գոյություն ունենալուց՝ ընդհակառակը, հստակ ֆիքսվում է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում, ուստի յուրաքանչյուր կողմ հենց ինքն է պատասխանատու իր փաստացի ենթակայության տակ գտնվող տարածքի պաշտպանության համար, իսկ ռուսական խաղաղապահները վերահսկում են զինադադարի ռեժիմի պահպանությունը կողմերի միջև, և իրենք հակամարտության կողմ չեն։ 

Իրականում, ակնհայտ է որ արտաքին և ներքին համատարած մեկուսացման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է առաջնորդվել "հողերը տամ թուրքին, ինքնիշխանությունը տամ ռուսին, միայն կենդանի մնամ" աղետալի սկզբունքով, թերևս մինչև վերջ չգիտակցելով, որ Հայաստանը որ այդքան հող ունի, ոչ այդքան ինքնիշխանություն, և ամեն մի հերթական հանձնումը ավելի է սեղմում մեր շուրջը հրե օղակը, և մոտեցնում է մեզ պետականության կորստին։ Խծաբերդից և Հին Թաղերից հետո հերթում Կապանի քաղաքի պաշտպանական գոտին է, Գորիս-Կապան ճանապարհը, իսկ հեռանկարում՝ նաև ամբողջ Սյունիքը, որի վրա իր հավակնությունները Ադրբեջանի դիկտատորը աներկբա հայտնեց անցած շաբաթ, և որի իրականացմանը, թուրք-ադրբեջանական տանդեմը, անկասկած, ձեռնամուխ կլինի, եթե Հայաստանից դիմադրություն չտեսնի։
Այս աղետալի ընթացքը կարելի է կանխել, և նույնիսկ ապագայում հետ շրջել, եթե Հայաստանում ձևավորվի այնպիսի իշխանություն, որը ընդունակ է մոբիլիզացնել ազգի ցաքուցրիվ եղած, բայց իրականում բավական մեծ և կարող ուժերը, նորովի և իրատեսորեն հարաբերությունները կառուցի հիմնական արտաքին գործընկերների հետ, ոգևորություն և հույս տա Հայաստանում ապրող ժողովրդին, ներառյալ նրա այն մասին, որը 2018 թ․ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին։ Այս իշխանությունը կարելի է ձևավորել միայն համազգային համաձայնության և կոլեկտիվ պատասխանատվության միջոցով, ներգրավելով այն ուժերին, որոնք իրենց վրա չեն կրում անցյալի հիմնական սխալների բեռը, պատրաստ են համագործակցության և տքնաջան աշխատանքի՝ հանուն մեր երկրի, և այսուհետև ազնիվ կլինեն սեփական ժողովրդի հետ։
Այս ճանապարհին, այսօր կանգնած է Նիկոլ Փաշինյանը, որը հուսահատ կառչել է իր աթոռից, փորձում է նորից պառակտել պատերազմի ողբերգությունը դեռևս չվերապրած հասարակությունը, ոստիկանական միջոցներով ճնշել իր քաղաքական հակառակորդներին, իր արբանյակների միջոցով հակառուսական տրամադրություններ սադրել, և այդպես շարունակ՝ երկարաձգելու իր անփառունակ իշխանությունը։ Նրա իշխանության ամեն օրը մեր պետականության մի մասնիկ է կորում, մեր հայրենիքի մի հատված, մեր տնտեսության մի հյուլե՝ և այս ամենը, թշնամու չդադարող ագրեսիայի և ռազմաշունչ հռետորաբանության ֆոնին։ 

Նախկինում ես անկեղծորեն հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանը կգիտակցի, որ ինքն այլևս այս ճգնաժամից դուրս գալու միջոց չունի, և հրաժարական կտա՝ ճանապարհ բացելով նոր զարգացումների համար, ինչպես դա արեցին բազմաթիվ այլ պաշտոնյաներ, որոնք պատասխանատվություն ստանձնեցին այս պատերազմում պարտության համար և հեռացան։ Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ պրն Փաշինյանը կամ բացարձակ կտրվել է իրականությունից, կամ էլ իր անձնական շահը վեր է դասում մեր բոլորի հավաքական շահից, և շարունակելով համառել, հետևողականորեն տանում է մեզ դեպի նոր աղետ։ Ուստի ես դիմում եմ արդեն նրա կողմնակիցներին՝ մասնավորապես, Ազգային ժողովում գտնվող՝ եթե մենք կորցնենք մեր պետությունը, ձեզնից ոչ մեկը հոգու փրկություն չի գտնելու, արդարացում չի ունենալու, սեփական երեխաների աչքերին հեռավոր ափերում չի կարողանալու նայել։ Դուք այսօր կարող եք գործել՝ ազդել ձեր առաջնորդի վրա, միասին ընդունելի լուծումներ գտնել, և օգնել փրկելու մեր բոլորի պետությունը, այլապես վաղը նրան կհասնի Խծաբերդի ճակատագիրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր