Գյուղի ներքեւի հատվածի 12 տները մնում են հայկական սահմանում. Շուռնուխի համայնքապետ

«Քիչ առաջ այստեղ էին գտնվում ռուս սահմանապահներն ու մեր սահմանապահ զորքերը, այս պահի դրությամբ իրենց ունեցած ու ինձ հայտնած տեղեկություններով, գյուղի ներքեւի հատվածի 12 տները մնում են հայկական սահմանում, սահմանային իրենց աշխատանքները կատարվելու են գյուղի սահմանից դուրս, հիմա աշխատանքներ են որոշակի տարվում, վերջնականը կիմանանք ավելի ուշ»,-ասաց Շուռնուխի վարչական ղեկավարը:
Դիտարկմանը, որ մինչ այս պահը շրջանառվող տեղեկություններով գյուղի այդ հատվածը անցնելու էր թշնամուն, ասաց.
«Այնպես չի, որ հիմա ես ամբողջովին վստահ եմ, բայց ինձ նոր այդպես են ասել, երբ կգան, կկանգնեն խաղաղապահներն ու սահմանապահները, իսկ ադրբեջանցիները կտեղակայվեն մեր սահմանապահների տեղակայվելուց հետո միայն»:
Սահմանների ճշգրտումը նախատեսված է այսօր, թե կոնկրետ որ ժամին, հայտնի չէ: Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ տեղակայված են ՀՀ սահմնապահ զորքերը, իսկ Շուռնուխում գյուղի պաշտպանակն ջոկատն է ապահովում անվտանգությունը, դիտարկում թշնամու հնարավոր տեղաշարժը: Իրավիճակից ելնելով, համայնքի ղեկավարը նախօրեին խորհուրդ է տվել կանանց ու երեխաներին դուրս գալ գյուղից՝ մինչեւ հստակություն կմտցվի:
«Այս պահին էլ գյուղում մեր ինքնապաշտպանական ջոկատն է, այլ տեղերից էլ են եկել մեր մարտական ընկերները, ովքեր պատրաստ են որոշակի գործողությունների դիմել»,-եզրափակեց գյուղապետը: