Մոտ 50 մլն դրամ պարգեւավճար այս սուղ պայմաններում.Էկոնոմիկայի նախարարությունը իրենց չի զրկում բաղձալի «պրեմիաներից»․«Հրապարակ»
![](https://factor.am/wp-content/uploads/2019/04/collage0.jpg)
Իհարկե, այդ «պրեմիաներն» առավելապես օդ ու ջրի պես պետք են ցածր ու միջին օղակների աշխատակիցներին, որոնք հազիվ 150-200 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ հիմնական աշխատանքն իրենք են անում, բայց նրանք, ի տարբերություն իրենց ղեկավարության՝ նախարարներ, փոխնախարարներ, պարգեւատրվում են շատ ավելի քիչ: Փոխարենը 100 հազարներով ինքնապարգեւատրվում են նախարարներն ու փոխնախարարները, եւ երբ այս թեմայով աղմուկ է բարձրանում, ու որոշ ժամանակով դադարեցնում են «պրեմիաներ» բաժանելը, դարձյալ տուժում են ցածր օղակների աշխատակիցները:
ԻնչեւԷ, մենք տեղեկացել էինք, որ նոյեմբեր ամսին մի շարք հիմնարկներում, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունում, վերսկսել են պատերազմի պատճառով դադարեցված պարգեւավճարների բաժանումը: Նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, փաստորեն, եկած-չեկած՝ իր առաջին սուրբ գործն է համարել «պրեմիա» բաժանելը: Մենք հարցում էինք ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ ճշտելու, թե նախարարության աշխատակիցներին նոյեմբեր ամսվա համար պարգեւավճար հատկացվել է, թե ոչ, ովքեր են ստացել, ինչ չափով եւ ինչի համար:
Հինգ օր անց միայն նախարարությունից մի կերպ պատասխանեցին մեր հարցմանը՝ հաստատելով, որ, այո, իրենց մոտ պարգեւավճար բաժանվել է:
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության ամբողջ աշխատակազմին 2020 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվել է 49.175.367 (քառասունինը միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր վաթսունյոթ) դրամ պարգեւատրում»,- պատասխանել են նախարարության աշխատակազմից: Իսկ հարցին, թե ովքեր են ստացել եւ ինչ չափով, նախարարությունից չեն տրամադրել տեղեկություն՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետին եւ 199-րդ հոդվածին, ըստ որի՝ հարցի պատասխանը «պարունակում է աշխատողի անձնական տվյալներ, որն առանց աշխատողի գրավոր համաձայնության չի կարող փոխանցվել երրորդ անձանց, եթե դա նախատեսված չէ օրենքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում