Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

29 դեկ 2020 12:13

Հենց «Ալրաղացի Լյովիկն» է եղել մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի տան վրա ավազակային հարձակման կազմակերպիչը

ԱԱԾ–ն հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Ալրաղացի Լյովիկի» դեմ հարուցված քրգործից` մանրամասնելով, որ հենց նա է եղել ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի տան վրա ավազակային հարձակման կազմակերպիչը։
Ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել հայտնի «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ Լևոն Սարգսյանի դեմ հարուցված քրգործի մասին։
Հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Ա.Կ-ն, գտնվելով ԱՄՆ–ում, մի խումբ անձանց հետ Լոս-Անջելես քաղաքում 2004-ի մայիսի 12-ին և 25-ին, ինչպես նաև հունիսի 9-ին և 13-ին «Ավիանի», «Միկա» և «Շրեջի» ոսկերչական ընկերություններին պատկանող առևտրային ձեռնարկություններից և լոմբարդից գաղտնի հափշտակել է 150.000 դոլարի արժեքներ։ Հանցակիցների` փախուստի պահին ոստիկանների կողմից բռնվելուց հետո նա թաքնվել է իրավապահ մարմիններից ու, լքելով ԱՄՆ տարածքը, բնակություն հաստատել ՀՀ–ում։

Ա.Կ.-ն, որն ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզման մեջ էր, համաձայնության է եկել ՀՀ ոստիկանության աշխատակից Ա.Ն.-ի հետ, և վերջինիս հետ միասին 2007 թվականի նոյեմբերին ստեղծել հանցավոր համագործակցություն՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով։

««Ալրաղացի Լյովիկը»` Լևոն Սարգսյանը, լարված հարաբերություններ է ունեցել ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի հետ և որոշել է նշված հանցավոր խմբի ուժերով իրականացնել ավազակային հարձակում վերջինիս առանձնատան վրա։ Ի դեպ, նշված հանցավոր խումբն արդեն իսկ Վաղարշ Վաղարշյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ոսկյա զարդերի տոնավաճառից 2007 թվականի նոյեմբերի 29-ին ավազակային հարձակում էին կատարել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Լևոն Սարգսյանն Արմեն Ավետիսյանի նախկին օգնականի հետ հանցավոր համաձայնության է եկել և պատմել իր մտադրության մասին,  վերջինս էլ մանրամասն նկարագրել է Ավետիսյանի առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը։
Ըստ պայմանավորվածության՝ Ա.Կ.-ն որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց՝ կազմակերպված խմբի անդամներին։ Հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամի խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100 000-ական դոլար։

Իսպանիայում գտնվող Բ.Ս.-ի՝ ՀՀ վերադառնալու, ինչպես նաև հանցագործության նախապատրաստման այլ ծախսերը հոգալու համար տվել են 5000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև «ՊՄ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով և ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի թվով 8 փամփուշտներով։ Ա.Ս.-ն այս ամենը տվել է ոմն Հ.Մ.-ին։ Վերջինին է տրվել նաև տուժողի առանձնատան, սենյակների դասավորվածությամբ, առանձնատան հարակից տարածքի վերաբերյալ կազմված գծագիրը։

Տրամադրված գումարների հաշվին Բ.Ս.-ն վերադարձել է Իսպանիայից, իսկ Ա. Ս.-ի կողմից ձեռք են բերվել 5 անձի համար նախատեսված զինվորական հանդերձանք, որոնք ներկել են սև գույնով և համազգեստների մեջքի մասում ռուսերեն կատարվել է «սպեցնազ» գրառումը` բնակարան մուտք կատարելու գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով։
Ըստ պայմանավորվածության` հանցավոր խմբի անդամները 2008-ի հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը՝ ժամը 00։30-ի սահմաններում, վերոհիշյալ 2 ավտոմեքենաներով մեկնել են Երևանի Իսահակյան փողոցի 34 «բ» առանձնատան մոտ։ Ա.Ս.-ն իր վարած «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան կայանել է առանձնատնից քիչ հեռու և սկսել դիտարկումներ իրականացնել շրջակա տարածքում, իսկ Ա.Խ.-ն հափշտակված պետհամարանիշներով «ՆԻՎԱ» ավտոմեքենան ետևի մասով կանգնեցրել է տան պարսպապատի դարպասների մոտ, որպեսզի տուն մուտք գործող հանցակիցները բարձրանան ավտոմեքենայի տանիքին և պարսպապատից ցատկեն տան հարակից տարածք։

Ըստ պլանավորված գործողությունների՝ Բ.Ս.-ն, որը դիմակավորված չի եղել, բարձրացել է մեքենայի տանիքին, դարպասներից ցատկել տան բակ և, ատրճանակը պահելով տան անվտանգությունն ապահովող դեմառդեմ դուրս եկած անձի վրա, սպառնացել է գործադրել այն և զինաթափել է նրան։ Օգտվելով առիթից, որ առաջացած ձայներից բնակարանի մուտքի դուռը բացել է Ա. Ա.-ի մայրը, հանցավոր խմբի 5 անդամները նրան հրելով մուտք են գործել բնակարան, այնտեղ գտնվող տուժողի հորը և որդուն կպչուն ժապավենով կապել` փակելով նաև նրանց բերանները։ Հետո խմբի նշված 5 անդամները բնակարանի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարկի սենյակներում փնտրելով և գտնելով շուրջ 45 միլիոն դրամ արժողությամբ տարբեր ոսկյա զարդեր, ավարտական դիպլոմներ, ամուսնության վկայական և զինվորական գրքույկներ, դրանք հափշտակել են և հեռացել։
Նույն գիշերը խմբի անդամները գողոնով պայուսակը բերել են Ա.Կ.-ի բնակարան, իսկ նրանց հեռանալուց հետո այնտեղ է եկել Լևոն Սարգսյանը։ Նա զննել է պայուսակի պարունակությունը և, ընտրելով ադամանդյա քարերով ոսկյա խաչ և շղթա, ինչպես նաև 2 ժամացույց, վերցրել է դրանք և Ա.Կ.-ին ցուցում է տվել մնացածը պահել՝ մինչև հետագա հրահանգներ ստանալը։ 2009 թվականի հունվարի 13-ին Լևոն Սարգսյանի առաջարկով Ա. Կ.-ն մեկնել է Ծաղկաձորում գտնվող նրա առանձնատուն, ուր վերջինս իրեն տրամադրել է մի հեռախոսահամար և ասել, որպեսզի զանգահարի դրանով և զրուցակցին հանդիպման ժամանակ հանձնի մնացյալ՝ ընդհանուր 8.5 մլն դրամ գողոն պարունակող պայուսակը, ինչն արվել է։

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Լևոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ավազակությունը)։ Նա կալանավոևրվել է։
Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել նաև Ս.Ղ.-ին:
2020 թվականի դեկտեմբերի 28-ին քրգործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր