Կոչ ենք անում բոլոր երկրներին առավելագույն զգույշ ու կոռեկտ լինել իրենց արտահայտություններում. Արցախի ԱԳՆ
![](https://www.pastinfo.am/news_images/381/1140122_1/f601956ce8f5b8_601956ce8f5f8.thumb.jpg)
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մի կողմ թողնելով նման հայտարարությունների հավաստիության հարցը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեկ անգամ եւս նշել, որ Թուրքիայի աջակցությամբ եւ միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրել է բազում տառապանքների. սպանվել եւ վիրավորվել են հայազգի հազարավոր անմեղ քաղաքացիներ, հարյուրավորներն անհայտ կորել են, այժմ գտնվում են գերության մեջ, պատանդ են դարձել, այդ ընթացքում ենթարկվել խոշտանգումների, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի, ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը:
Կոչ ենք անում բոլոր երկրներին եւ կազմակերպություններին առավելագույն զգույշ եւ կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերին, ինչպես նաեւ վիրավորել հազարավոր մարդկանց զգացմունքները:
Դիվանագիտական էթիկետը չի կարող եւ չպետք է հիմք հանդիսանա այնպիսի արտահայտությունների համար, որոնք կարող են դիտարկվել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան օրինականացնելու եւ ամրագրելու եւ միջազգային հակաիրավական գործողություններն արդարացնելու համատեքստում: