Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

04 փետ 2021 11:22

Արցախի ՊԲ–ն կազմալուծվելո՞ւ է. Վիտալի Բալասանյանի պատասխանը՝ մի շարք հարցերի

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը որոշել է անդրադառնալ վերջին շրջանում քննարկվող մի շարք թեմաների։ Արցախի հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նրա հայտարարությունը։
«Խոսակցություններ են պտտվում, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»,– նշել է Բալասանյանը։

Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները գնումներ են կատարում:

Անվտանգության քարտուղարը հավաստիացնում է, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից:

«Սիրելի արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստների պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները»,– շեշտել է Բալասանյանը։

Նա հորդորել է տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր